Մինչ զորամաս տեղափոխվելը բոլոր նորակոչիկները ուսումնական պրոցես կանցնեն. նախարար

Սուրեն Պապիկյանը հայտնեց նաև, որ առաջիկա զորակոչը կմեկնարկի հունիսի 13-ից և կավարտվի հուլիսի 15-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Աշնանից սկսած` զորակոչիկները մինչ զորամասեր տեղափոխվելը ուսումնական պրակտիկա կանցնեն։ Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ներկայացնելով զորակոչի հետ կապված վերջին փոփոխությունները։
«Այսինքն` մեր բոլոր նորակոչիկները պարտադիր կանցնեն ուսումնական պրոցես, այնուհետև այն ավարտելուց հետո կտեղափոխվեն զորամասեր»,– ասաց Պապիկյանը։
Նախարարը հայտնեց նաև, որ առաջիկա զորակոչը կմեկնարկի հունիսի 13-ից և կավարտվի հուլիսի 15-ին։
ՀՀ կառավարության ապրիլի 15-ի որոշմամբ` բանակ կզորակոչվեն այն պատանիները, որոնց 18 տարին լրանում է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիները, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը:
Ե՞րբ կնշանակվի ԳՇ պետը. Պապիկյանը ներկայացրել է բանակի կառավարման նոր մոդելը
Նույն որոշմամբ` 2020թ-ի ամռանը զորակոչվածների զորացրումը կիրականացվի 2022թ. հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ։