ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Այսօր տոն է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար, քանի որ Արամ Խաչատրյանը միայն Հայաստանին չի պատկանում։ Խաչատրյանի թանգարանում հայ կոմպոզիտորի անվան միջազգային 18-րդ մրցույթին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ներկաներին այսպես ողջունեց մրցույթի ժյուրիի նախագահ լատվիացի հանրահայտ երաժիշտ Էդուարդ Վուլֆսոնը։
«Մեծ պատիվ և հաճույք է որևէ կերպ ծառայել Խաչատրյանի երաժշտության հանրահռչակմանը։ Մեր նպատակն է գտնել երիտասարդ սերնդի ամենալավ արտիստներին, ինչն էլ իր հերթին նշանակում է ծառայություն երաժշտությանը»,-ասաց Վուլֆսոնը։
Խաչատրյանի անվան միջազգային երաժշտական մրցույթն անցկացվում է 2003թ-ից ի վեր, այս տարի՝ 18-րդ անգամ, մրցույթի հիմնական գործիքը լինելու է թավջութակը։ Աշխարհի 16 երկրից մոտ 20 թավջութակահար եկել է Հայաստան՝ մասնակցելու մրցույթին։ Մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանն ասաց, որ չնայած աշխարհում տեղաշարժերի ծանր վիճակին, մրցույթի կազմակերպիչներին հաջողվել է Հայաստան բերել մասնակիցներին։
«Ի շնորհիվ մեր մրցույթի, այսօր աշխարհում 5000 երաժիշտ կա, որոնք կատարում են Խաչատրյանի ստեղծագործությունները։ Մրցույթն օգնում է նաև, որ աշխարհում ճանաչեն մասնակից երաժիշտներին»,–ասաց Սմբատյանը։
Մրցույթի պատմության մեջ այս տարի առաջին անգամ ժյուրին ղեկավարում է ոչ թե հայ, այլ օտարազգի մասնագետ։ «Արամ Խաչատրյան - մրցույթ» հիմնադրամի տնօրեն Մարտին Թովմասյանն ասուլիսի ժամանակ նշեց, որ առաջին անգամ է նաև, որ մրցույթն առցանց հեռարձակվելու է երաժշտական հայտնի հարթակների կողմից, ինչպիսիք են՝ IDAGIO և Violin Channel հեղինակավոր հարթակները, ինչպես նաև Միջազգային մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի կայքէջը։
Ժյուրիի անդամ, ՀՀ վաստակավոր արտիստ, թավջութակահար Արամ Թալալյանն էլ բացատրեց մրցույթի հիմնական գործիք ընդունված թավջութակի նշանակության կարևորությունը։ Նրա խոսքով՝ այսօր գրեթե չկա կոմպոզիտոր, որ թավջութակի համար չստեղծագործի, սակայն մյուս կողմից աշխարհում քիչ են լավ թավջութակահարները, քանի որ նվագել սովորելը դժվար է։
«Առանց դրա ոչ մի փոքր անսամբլ՝ տրիո կամ լարային քառյակ, չի լինում, անգնահատելի է դրա ֆունկցիան և նշանակությունը, բայց այն նաև դժվար գործիք է, ոչ միայն ծանրության համար, այլև դժվար է վրան նվագել սկսել, քանի որ չափսերով մեծ է, երեխաների մատներն էլ՝ փոքր, քչերն են հաղթահարում առաջին մարտահրավերը»,- նշեց Թալալյանը։
Հայ թավջութակահարը նաև նշեց՝ այսօր, ցավոք, ոչ բոլոր արտիստներն ունեն դրսևորվելու հնարավորություններ, իսկ այս ու նմանատիպ մրցույթները հնարավորություն են երիտասարդների համար մեծ բեմեր դուրս գալու և իրենց պրոֆեսիոնալների առաջ ցույց տալու։
Նշենք, որ մրցույթի ժյուրիի մյուս անդամներն են վինագործների պատրաստած թանկարժեք ջութակների, ալտերի և թավջութակների շուկայում առաջատար գործակալություններից մեկի՝ «Reuning & Son»-ի ղեկավար Քրիստոֆեր Րունինգը՝ ԱՄՆ-ից, հայտնի թավջութակահար Դմիտրի Յաբլոնսկին՝ Իսրայելից, Շվեդիայի հանրաճանաչ փառատոններից մեկի գլխավոր տնօրեն Մարտին Էնգստրոմը, 1999 թվականից Մարիինյան թատրոնի գլխավոր թավջութակահար Օլեգ Սենդեցկին։
Մրցույթի պաշտոնական բացումը տեղի կունենա այսօր՝ ժամը 19։00-ին, Արամ Խաչատրյանի անվան համերագասրահում մեծ համերգով, որի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ որպես մենակատար հանդես կգա հունգարացի հայտնի ջութակահար Քրիստոֆ Բարատը։ Մրցույթը կտևի մինչև հունիսի 13-ը։ Այդ օրը կկայանա մրցանակաբաշխությունը։