ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժումը Ֆրանսիայի հրապարակից դուրս գտալու որոշում չունի։ Այսօր հրավիրված հանրահավաքում հայտարարեց շարժման անդամ, ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը` արձագանքելով հանրային շրջանակներում տարածված լուրերին, թե ընդդիմությունը պատրաստվում է հանել վրանները Ֆրանսիայի հրապարակից։
«Այս վրանները մենք ինքնանպատակ այստեղ չենք տեղադրել։ Մենք այս հրապարակից դուրս գալու որոշում չունենք։ Մենք տեղադրել ենք վրանները, 24-ժամյա ռեժիմով ձեռնարկել ենք մեր պայքարը, այս պահին գտնում ենք այս ձևն արդյունավետ, հետևաբար, վրանները հանելու որոշում չկա»,- ասաց նա։
Սաղաթելյանը հերքեց նաև շարժման ակցիաները ժամանակավորապես դադարեցնելու մասին տարածված տեղեկությունները։
«Դադար վերցնելը նշանակում է գնանք տուն ու սպասենք թշնամուն մեր տան բակում»,-ասաց Սաղաթելյանը։
«Դիմադրություն» շարժման անդամը հայտարարեց, որ այս շաբաթվա վերջում հանդես են գալու հայտարարությամբ, որում կետ առ կետ կներկայացնեն շարժումն ընդլայնելու, ավելի կազմակերպված դարձնելու ծրագրային դրույթները։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։