ԵՄ–ն լռությամբ նպաստում է բռնապետության հաստատմանը. Սաղաթելյանը հայտնեց վաղվա անելիքները

Երեկոյան հանրահավաք չի լինելու, բայց լինելու են քննարկումներ Ֆրանսիայի հրապարակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման բողոքի ակցիաները վաղը` հունիսի 7-ին, Երևանի Ֆրանսիայի հրապարակում կմեկնարկեն առավոտյան 10։00-ից։ Այս մասին հայտարարեց շարժման անդամ, ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Հրավիրում ենք բոլոր այն քաղաքացիներին, ովքեր այս օրերին վնասվածքներ են ստացել, բռնությունների են ենթարկվել։ Հրավիրում ենք բոլոր այն քաղաքացիներին, ովքեր այս օրերին ձերբակալվել են, նաև բոլոր այն մարդկանց հարազատներին, ընտանիքների անդամներին, որոնք այժմ գտնվում են կալանքի տակ»,– ասաց նա։

Սաղաթելյանը հայտարարեց, որ Ֆրանսիայի հրապարակից երթով գնալու են ՀՀ–ում ԵՄ ներկայացուցչություն, ներկայացնելու են բռնությունների հստակ փաստեր ու պահանջելու են հստակ գնահատական։
«Բազմիցս հայտարարել ենք, որ իրենց այս երկակի ստանդարտներով, լռությունով նպաստում են, որ Նիկոլը մեր երկրում հաստատի բռնապետություն»,– ասաց Սաղաթելյանը։
Նա նաև նշեց, որ օրվա ընթացքում պահանջելու են հանդիպումներ ՀՀ–ում ներկայացված դիվանագետների հետ։
Երեկոյան հանրահավաք չի լինելու, բայց լինելու են քննարկումներ Ֆրանսիայի հրապարակում։
Հայտնել ենք, որ Պռոշյան-Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում ընդդիմության անհնազանդության ակցիայի ժամանակ հունիսի 3-ին բախում է տեղի ունեցել ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև։
Արդյունքում տուժել են թե՛ քաղաքացիական անձիք, թե՛ ոստիկանության ծառայողներ, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կան ձերբակալվածներ։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։