ԿԲ-ն զգուշացնում է կեղծ լիցենզիայի և շինծու տվյալների հիման վրա տարածվող առաջարկների մասին

ՀՀ տարածքում ներդրումային ծառայություններից օգտվելու համար կարող եք դիմել Կենտրոնական բանկի կողմից համապատասխան լիցենզիա ստացած ներդրումային ծառայություններ մատուցող կազմակերպություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի - Sputnik. ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ արժեթղթերի շուկայում մասնագիտացված մասնակցի կեղծված լիցենզիայի հիման վրա «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ անունից հանդես եկող որոշ անձինք հրապարակային առաջարկի միջոցով փորձում են ՀՀ-ում հաճախորդներ ներգրավել՝ առաջարկելով ներդրումային ծառայություններ:
Հաշվի առնելով, որ նշված կազմակերպությունը չլիցենզավորված գործունեություն է իրականացնում և չի գտնվում Կենտրոնական բանկի վերահսկողության տիրույթում՝ ԿԲ-ն հորդորում է զգոն լինել, չվստահել և չարձագանքել նման առաջարկների՝ զերծ մնալով նշված առաջարկի ներքո ցանկացած գործարար հարաբերություն հաստատելուց:
ՀՀ տարածքում ներդրումային ծառայություններից օգտվելու համար կարող եք դիմել Կենտրոնական բանկի կողմից համապատասխան լիցենզիա ստացած ներդրումային ծառայություններ մատուցող կազմակերպություններին, որոնց ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ: