ՀԱՊԿ մեխանիզմները դարձնենք ավելի արդյունավետ. Փաշինյանն ընդունել է ԽՎ նիստի մասնակիցներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստի մասնակիցներին։
Մտքեր են փոխանակվել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի նիստի մասնակիցներին, հայտնում է վարչապետի աշխատակազմը։
«Սա լավ հնարավորություն է՝ ի մի բերելու արդյունքները, վերլուծելու մեր ձեռքբերումները, բացթողումները, քայլերը, թե ինչով և ինչպես կարող ենք ավելի արդյունավետ դարձնել մեր կազմակերպությունը: ՀԱՊԿ-ը փաստացի այն քաղաքական պլատֆորմն է, որտեղ բոլոր այս հարցերը պետք է քննարկվեն: Կարծում եմ՝ սա շատ կարևոր հարթակ է, որպեսզի ներկայացնենք ապագայի մեր տեսլականը և փորձենք ՀԱՊԿ մեխանիզմները դարձնել առավել արդյունավետ՝ ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու համար»,- ասել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստի մասնակիցներին։
Նրա խոսքով` դա այն թեմաներից է, որը շատ կարևոր է և՛ մեր երկրի, և՛ ընդհանարապես կազմակերպության համար:
ՀԱՊԿ ԽՎ նախագահ, Ռուսաստանի Դաշնային ժողովի պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտնել է, որ խորհրդի նիստը հնարավորություն է տալիս մշակելու որոշումներ և զարգացնելու հարաբերությունները երկրների միջև:
«Վեհաժողովը թույլ է տալիս ներդաշնակել օրենսդրությունները, մշակել մոդելային օրենքներ: Երբ խոսում ենք օրենսդրությունների ներդաշնակման մասին՝ առաջին հերթին դա վերաբերում է ահաբեկչության, ծայրահեղականության դեմ պայքարին, ռազմաքաղաքական համագործակցությանը, խաղաղապահ ուժերի գործունեությանը և այլ հարցերի»,- ասել է Վոլոդինը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստի մասնակիցներին։
Այնուհետև մտքեր են փոխանակվել ՀԱՊԿ մեխանիզմների զարգացման, Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորված սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի գործունեությանը, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների վերադարձի համար իրականացվող քայլերին: Փաշինյանը կարևորել է այս հարցում միջազգային հանրության աջակցությունը:
Հիշեցնենք` այսօր Երևանում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նիստը, որը վարում է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ Նիստի շրջանակում նախատեսված են նաև հանդիպումներ ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների նախագահների հետ։ ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղըզստանը: