Երկրի հաջողությունը կախված է կառավարման համար պատասխանատու կադրերի որակից. Վարդանյան

Ռուբեն Վարդանյան
Ռուբեն Վարդանյանը նշել է, որ համայնքների խոշորացումը լուրջ փոփոխություններ է առաջացրել կառավարման, համայնքներում զարգացման ծրագրերի իրականացման առումով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Դիլիջանում մեկնարկել է «Մատենա» միջազգային դպրոցի՝ «ՀՀ համայնքների արդյունավետ կառավարում» թեմայով համայնքային պաշտոնյաների մասնագիտական զարգացման ծրագիրը։ Ընդգրկված են ավելի քան երկու տասնյակ պաշտոնյաներ՝ համայնքների ղեկավարներ, ավագանու անդամներ և համայնքային այլ պաշտոնյաներ Հայաստանի 15 համայնքներից։
Դիլիջանում մեկնարկել է «Մատենա» դպրոցի՝ «ՀՀ համայնքների արդյունավետ կառավարում» ծրագիրը։
Ծրագիրը համատեղ մշակել են «Մատենա» և «Սկոլկովո» դպրոցները. նպատակն է զարգացնել համայնքային պաշտոնյաների մասնագիտական և առաջնորդության կարողությունները։
Առաջին մոդուլի եռօրյա ուսուցումների ընթացքում մասնակիցները գիտելիքներ կստանան ժամանակակից մունիցիպալ կառավարման, համայնքի ղեկավարի դերի, բարդ իրավիճակներում թիմը ղեկավարելու կարողության, արդյունավետ թիմի ձևավորման և կառավարման վերաբերյալ։
«Համայնքների խոշորացումը լուրջ փոփոխություններ է առաջացրել կառավարման, համայնքներում զարգացման ծրագրերի իրականացման առումով: Եվ հատկապես այս փուլում կարևոր է համապատասխան գիտելիք և փորձ փոխանցել համայնքների ղեկավարման համար պատասխանատու անձանց։ Երկրի հաջողությունը մեծապես կախված է կառավարման համար պատասխանատու կադրերի որակից: Իսկ զարգացած համայնքները զարգացած երկրի հիմքն են»,- ընդգծել է «Մատենա» միջազգային դպրոցի համահիմնադիր, UWC Դիլիջան միջազգային դպրոցի և «Սկոլկովո» կառավարման դպրոցի հիմնադիր գործընկեր Ռուբեն Վարդանյանը։
Համայնքային այն պաշտոնյաները, որոնք ծրագրի ավարտին կներկայացնեն համայնքի զարգացման իրենց նախագիծը՝ լավագույնս կիրառելով «Մատենայի» և «Սկոլկովոյի» փորձագետներից ստացած գիտելիքն ու հմտությունները, այդ նախագիծն իրականացնելու համար կհամաֆինանսավորվեն «Մատենայի» կողմից։ Հաջորդ երկու մոդուլները տեղի կունենան հուլիսին և օգոստոսին՝ համապատասխանաբար Երևանում և Մոսկվայում՝ «Սկոլկովո» կառավարման դպրոցում:
«Կառավարչական իրավասությունների զարգացման, թիմերի և տարածքային կառավարման վերաբերյալ նոր գիտելիք փոխանցող այս ծրագիրը շատ կարևոր է պետական կառավարման որակի և արդյունավետության բարձրացման տեսանկյունից»,- նշել է «Սկոլկովո» կառավարման դպրոցի պրոֆեսոր Մարինա Վելդանովան։
Հիշեցնենք, որ «Մատենան» Հայաստանում գործող միջազգային դպրոց է, որի առաքելությունն է գիտելիքի կուտակման և համաշխարհային առաջավոր փորձի տարածման միջոցով նպաստել մասնագիտական հմտությունների և առաջնորդության կարողությունների զարգացմանը։