ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ՀՀ ԶՈւ ԳՇ պետ կնշանակվի միայն ՊՆ–ում կառուցվածքային փոփոխություններ անելուց հետո։ Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Մենք ունենալու ենք նոր մոդել, որով ԳՇ պետը լինելու է պաշտպանության նախարարի առաջին տեղակալը»,– ասաց Պապիկյանը, ներկայացնելով բանակի կառավարման նոր մոդելը, որն առաջիկայում կյանքի է կոչվելու օրենսդրական փոփոխություններով։
«ԶՈւ–ն զբաղվելու է միայն երկրի պաշտպանությամբ, մարտական պատրաստությամբ, այսինքն` այն գործով, ինչով պիտի զբաղվեն։ Գնում, սպասարկում, ապահովում` այդ ամենով պիտի զբաղվեն ՊՆ այլ վարչություններ»,– ասաց Պապիկյանը։
Նախարարը հայտնեց, որ նոր օրենսդրական փաթեթը երկար ժամանակ շրջանառվել է կառավարությունում ու առաջիկայում կներկայացվի ԱԺ։
Հիշեցնենք, որ 2022թ–ի փետրվարի 24-ին Արտակ Դավթյանն արդեն երկրորդ անգամ ազատվել է ԶՈւ ԳՇ պետի պաշտոնից։ Արտակ Դավթյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2021-ի մարտի 22-ին՝ փոխարինելով Օնիկ Գասպարյանին։ Մինչ այդ Դավթյանը ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրել էր նաև 2018-ի մայիս-2020-ի հունիս ժամանակահատվածում։
Հավելենք` 2021թ–ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Սեպտեմբերի 30-ից Տոնոյանն ու Գալստյանը կալանավորված են։ Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև Արտակ Դավթյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին: