ԵԱՏՄ-ից Հայաստանում կատարվող ներդրումներն աճել են. առաջին տեղում ՌԴ-ն ու Բելառուսն են

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնեց, որ ՌԴ-ից հիմնական ներդրումները կատարվել են հանքարդյունաբերության ու էներգետիկայի ոլորտներում, Բելառուսից` մեծածախ առևտրի ոլորտում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Հայաստանի տնտեսության մեջ ԵԱՏՄ անդամ երկրներից կատարված ներդրումները 2021թ-ին աճել են 111.8 մլրդ դրամով։ Այսօր ԱԺ-ում 2021թ. պետբյուջեի կատարողականի նախնական քննարկմանն ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«2021թ-ին ԵԱՏՄ անդամ երկրներից ՀՀ տնտեսության ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 32.4 մլրդ դրամ, ինչը 2020թ-ի համեմատ ավելի է 111.8 մլրդ դրամով։ Այսինքն` 2020թ-ին այդ ցուցանիշը մեզ մոտ բացասական է եղել»,- ասաց նախարարը։

Նրա խոսքով`հիմնական ներդրումները կատարվել են ՌԴ-ից` հանքարդյունաբերության ու էներգետիկայի ոլորտներում, և Բելառուսից` մեծածախ առևտրի ոլորտում։
Քերոբյանը հայտնեց, որ 2021թ-ին աճել է նաև Հայաստանի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ անդամ երկրների հետ, ընդ որում` ոչ միայն 2020-ի, այլև 2019-ի համեմատ։

«2021թ-ին ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմել է 2.74 ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ ավել է 20.7 տոկոսով, իսկ 2019թ-ի համեմատ ավելի է 18.3 տոկոսով։ Արտահանումը ԵԱՏՄ երկրներ 2021թ-ին կազմել է 888.8 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 25.2 տոկոսով։ Իսկ ներմուծումը կազմել է 1.85 մլրդ, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 18.6 տոկոսով»,- ներկայացրեց Քերոբյանը։

Էկոնոմիկայի նախարարը նաև տեղեկացրեց, որ ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրի շրջանակում Իրանի հետ ՀՀ առևտրաշրջանառությունը 2021թ-ին կազմել է 502.8 ԱՄՆ դոլար, ինչը 2020թ-ի համեմատ 25.2 տոկոսով ավելի է։
Փոփոխություններ ԵԱՏՄ-ում՝ առցանց առևտրի ոլորտում. ինչպես կփոխվեն գներն ու ծառայությունները
Քերոբյանը շեշտեց, որ Իրանի հետ փոխադարձ առևտրի ցուցանիշն անհամեմատ ավելի բարձր կլիներ, եթե տարվա ընթացքում խնդիրներ չառաջանային Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական անցակետի տեղադրման հետևանքով։
ԵԱՏՄ-Չինաստան առևտրային համաձայնագրի շրջանակում Չինաստանի հետ ՀՀ առևտրաշրջանառությունը 2021թ-ին կազմել է 1 մլրդ 260 մլն դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ 30.7 տոկոսով ավելի է։