ԲՀԿ-ական նախկին պատգամավորի և նրա որդու դեմ հարուցված քրգործը կրկին դատարանում է

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է դատախազության բողոքը` բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ԲՀԿ-ական նախկին պատգամավորի և նրա որդու դեմ հարուցված քրգործը դատարան է ուղարկվել, տեղեկությունը հայտնում է դատախազությունը։
Հայտնել էինք, որ առանձնապես խոշոր չափերով գույքը չհայտարարագրելու համար մեղադրանք է առաջադրվել ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Հրանտ Դավթյանին և նրա որդուն՝ Արսեն Դավթյանին։ «Հետքը» դեռ ամիսներ առաջ հոդված էր հրապարակել` անդրադառնալով ԱԺ նախկին պատգամավորներ Հրանտ Դավթյանի, Հակոբ Հակոբյանի (Ճոյտ), ֆինանսների նախկին փոխնախարար, ՊԵԿ նախկին փոխնախագահ Արթուր Աֆրիկյանի և այլն պաշտոնյաների կողմից ձեռք բերված և վաճառված բնակարաններին:
Սակայն դատարանը, քննության առնելով Հրանտ Դավթյանի պաշտպանի կողմից ներկայացված միջնորդությունը, 2021թ. նոյեմբերի 10-ին որոշում էր կայացրել իրադրության փոփոխման հիմքով Արսեն և Հրանտ Դավթյանների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին:
Դատախազությունը բողոքարկել էր այս որոշումը։ Քննության առնելով դատախազության բողոքը և, ըստ էության, համաձայնելով դատախազության ներկայացրած դիրքորոշումներին՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է այն` բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ ըստ էության քննելու համար:
Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավորին և նրա որդուն մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով` գույքը չհայտարարագրելու համար։