ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի - Sputnik. Ամերիկացի հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսն ու նրա սիրեցյալը՝ դերասան Բեն Աֆլեքը, կրկին հուզել են իրենց երկրպագուներին, որոնք գրեթե 20 տարի առաջ նրանց անվանում էին «Բենիֆեր»:
Բայց եթե նախկինում զվարճալի անակնկալներով առանձնանում էր հիմնականում Բենը, ապա այս անգամ փայլեց Ջենիֆերը:
Երգչուհին MTV Movie & TV Awards մրցանակին եկել էր միայնակ՝ առանց սիրելիի, սակայն դա չխանգարեց Լոպեսին ուշադրության կենտրոնում հայտնվել։ Նա հուզիչ ելույթ ունեցավ՝ «On My Way» երգի մրցանակը ստանալիս։
Ժանրի օրենքներով՝ երգչուհին սկզբում արտասվեց, իսկ հետո բեմից շնորհակալություն հայտնեց ծնողներին, քննադատներին, ընկերներին և նույնիսկ դավաճաններին՝ բնականաբար չմոռանալով նշել սիրեցյալին։
«Շնորհակալությո՛ւն հիասթափություններին ու անկումներին, որ ինձ ավելի ուժեղ դարձրին, և իմ երեխաներին, որ սովորեցրին ինձ սիրել։ Հատուկ շնորհակալություն Բենին, որը սպասում է ինձ տանը։ Շնորհակալություն, որ միշտ կողքիս է։ Բե՛ն, երեխանե՛ր, յոթին տանը կլինեմ»,- ասել է նա։
Վերջին արտահայտությունը ոչ միանշանակ արձագանք է առաջացրել դահլիճում, ներկաների մի մասը հուզվել է, իսկ մյուսները սկսել են ծիծաղել։
Բաժանումից 17 տարի անց` 2021-ի մայիսին, Ջենիֆեր Լոպեսի ու Բեն Աֆլեքի վերամիավորման մասին առաջին լուրերը հայտնվեցին: Հետո զույգը հաստատեց դրանք, իսկ Բենն ամուսնության առաջարկ արեց երգչուհուն, որը նա ընդունեց։