Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. ԳԱԱ–ն հիմնավորել է` ինչու

Գիտությունների ազգային ակադեմիան հայտնում է, որ պատրաստ է ՀՀ պետական իշխանության մարմիններին տրամադրել մասնագիտական խորհրդատվություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Այսպիսի հայտարարություն է տարածել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, իր մտահոգությունը հայտնելով վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շուրջ ծավալվող իրադարձությունների առնչությամբ։
«Ադրբեջան պետության կազմում հայտնվելու պարագայում Արցախին սպասվում է արագ հայաթափում, արցախահայությանը՝ հայրենազրկում, ցեղասպանություն։ Արցախը ոչ մի կարգավիճակով չի կարող մասը կազմել մի պետության, որն իր քաղաքացիներին արդեն մի քանի սերունդ դաստիարակում է մոլի հայատյացության մթնոլորտում։ Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է»,–ասված է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ ՀՀ–ն չի կարող հրաժարվել այդ հիմնարար սկզբունքից։
Ակադեմիան նկատում է, որ Հայաստանը և Արցախն այսօր կանգնած են լուրջ մարտահրավերների առջև, ուստի հարկավոր է համախմբել ողջ ներուժը։
Գիտությունների ազգային ակադեմիան վստահեցնում է` պատրաստ է ՀՀ պետական իշխանության մարմիններին տրամադրել մասնագիտական խորհրդատվություն, կարող է դառնալ այն հարթակներից մեկը, որտեղ կարող են քննարկվել համահայկական նշանակություն ունեցող հիմնահարցերը, լուծումներ և այլընտրանքային տարբերակներ առաջարկվել համահայկական օրակարգի ձևավորման համար:
1998-ից ի վեր որևէ մեկը խոսե՞լ է Արցախի` Ադրբեջանի կազմում չլինելու մասին. Ալեն Սիմոնյան