ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի և «Դիմադրություն» շարժման անդամ Լևոն Քոչարյանը մի որոշ ժամանակ բացակայելու է ՀՀ-ից և չի կարող ֆիզիկապես ներկա լինել շարժման միջոցառումներին։ Այս մասին նա գրել է «Ֆեյսբուքի» իր էջում և հայտնել բացակայելու պատճառը։
«Ես պայքարի մեջ եմ և շարունակում եմ մնալ ձեր կողքին, անկախ նրանից, որ որոշ ժամանակ ֆիզիկապես ձեր կողքին չեմ լինի։ Բնական է, նաև պետք է լինեմ ընտանիքիս կողքին, քանի որ շուտով մեր աղջիկը պիտի ծնվի»,- գրել է նա:
Նա նաև նշել է, որ սա ներկայացնելն այլ լույսի ներքո, կրկին ի ցույց է դնում իշխանության ստոր էությունը:
Անդրադառնալով Երևանի Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում ակցիայի ժամանակ հունիսի 3-ին տեղի ունեցած բախումներին` Լևոն Քոչարյանը գրել է, որ այդ վայրագությունների նպատակն էն էր, որ մարդիկ վախենան ու էլ դուրս չգան փողոց: «Որ հասկացան էդպես չի, փորձում են ուրիշ ստորությունների գնալ, օրինակ, իմ` շաբաթներ առաջ պլանավորած երկրից բացակայելն այդ լույսի ներքո են ուզում ներկայացնել: Չեն հասկանում, որ ինչքան իրանք իրենց լկտի են պահում, մեր շարքերում վճռական մարդկանց քանակը միայն ավելանում է»,- գրել է Լևոն Քոչարյանը:
Նշենք, որ Լևոն Քոչարյանի կինը` հայտնի երգչուհի Սիրուշոն, սպասում է իրենց 3-րդ զավակին։ Շուտով զույգը դուստր է ունենալու։ Նրանք 2 որդի ունեն։
Հայտնել ենք, որ Պռոշյան-Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում ընդդիմության անհնազանդության ակցիայի ժամանակ հունիսի 3-ին, բախում է տեղի ունեցել ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև։
Արդյունքում տուժել են թե՛ քաղաքացիական անձիք, թե՛ ոստիկանության ծառայողներ, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կան ձերբակալվածներ։