ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի 100-րդ հոբելյանական առաջնությունում ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանը 87 կգ քաշային կարգում երկամարտի 227 կգ-ով (105կգ + 122կգ) զբաղեցրեց հինգերորդ տեղը Եվրոպայի առաջնությունում։
Հռիփսիմե Խուրշուդյանը իր ելույթները Եվրոպայի առաջնությունում սկսեց մոտենալով նախապես պատվիրված քաշին՝ 102կգ-ին։ Մեր մարզուհին հստակ ու տեխնիկապես գրագետ կատարեց վարժությունը` գլխավերևում պահելով ծանրաձողը։ Երկրորդ մոտեցմամբ Խուրշուդյանը թարմացրեց իր արդյունքը՝ 105 կգ։ Ցավոք, երրորդ մոտեցման ժամանակ մեր ծանրորդը չկարողացավ բարձրացնել 108 կգ-ը։ Պոկում վարժությունում Հռիփսիմեն չորրորդն էր։
Հրում վարժությունը հաջող չսկսվեց մեր մարզուհու համար։ Նա ձախողեց առաջին մոտեցումը՝ 122 կգ։ Երկրորդ մոտեցման ժամանակ Խուրշուդյանը դժվարությամբ, բայց կարողացավ գլխավերևում պահել 122 կգ-ը։ Իսկ երրորդ մոտեցումը, որի ընթացքում Խուրշուդյանն ուղղակի կռիվ տվեց 127կգ-ի հետ, չհաջողվեց։ Պարզ էր, որ երկամարտում մեր մարզուհին տեղ չի գտնի լավագույն եռյակում։ Խուրշուդյանը երկամարտում զբաղեցրեց հինգերորդ տեղը։
Հունիսի 4-ին Եվրոպայի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը ներկայացնում էին երկու ծանրորդներ՝ Սամվել Գասպարյանը և Արսեն Մարտիրոսյանը։ Գասպարյանը, 102 կգ քաշային կարգում, երկամարտում նվաճեց արծաթե, իսկ Մարտիրոսյանը` 109 կգ քաշային կարգում, բրոնզե մեդալ։
Հունիսի 5-ին գերծանր քաշային կարգում մրցահարթակ դուրս կգան գյումրեցի երկու ծանրորդներ՝ Գոռ Մինասյանն ու Վարազդատ Լալայանը։
Հիշեցնենք, որ Հռիփսիմե Խուրշուդյանը կանանց ծանրամարտում Հայաստանին բազմաթիվ տիտղոսներ պարգևելուց հետո սկանդալում հայտնվեց, երբ հրապարակվեցին Լոնդոն 2012-ի օլիմպիական խաղերի դոպինգ թեստերը: Հայ ծանրորդը մեղադրվեց դոպինգ օգտագործելու մեջ, իսկ նրա արդյունքը չեղյալ համարվեց: Հետևաբար, օլիմպիական բրոնզը Խուրշուդյանը ստիպված էր վերադարձնել Միջազգային օլիմպիական կոմիտեին:
Իսկ ամեն ինչ կրկին բորբոքվեց, երբ դոպինգի սկանդալներ գրանցվեցին նաև 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայացած օլիմպիական խաղերում: Եվ WADA-ն (Հակադոպինգային միջազգային գործակալություն) նորից ստուգումներ անցկացրեց Լոնդոնում 2012 թվականին ու Պեկինում 2008 թվականին կայացած օլիմպիական խաղերի մասնակիցների համար: Ու ինչպես պարզվեց, ցավոք, Խուրշուդյանը զրկվելու էր, ոչ միայն օլիմպիական, այլ նաև շատ այլ մեդալներից: Փաստորեն, հայ ծանրորդը կարող է պահել միայն Ստրասբուրգում 2007 թվականին նվաճած ոսկե և 2006 թվականին շահած՝ հին աշխարհամասի փոխչեմպիոնի մեդալները: