ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Հայաստանը լուծել է Ռուսաստանից հացահատիկային մշակաբույսերի մատակարարման հարցերը։ Ավելին, Ռուսաստանից հացահատիկային մշակաբույսերի արտահանման ժամանակավոր արգելքն այլևս չի տարածվում Հայաստանի վրա։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից։
«ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ԵԱՏՄ հարթակում քննարկվել է ՌԴ-ից ԵԱՏՄ անդամ երկրներ հացահատիկային մշակաբույսերի արտահանումների սահմանափակման խնդիրը, որը լուծվել է և Հայաստանի համար այդ սահմանափակումը վերացվել է»,-ասված է պատասխանում:
Գերատեսչությունը հավաստիացնում է, որ Հայաստան հացահատիկային մշակաբույսերի մատակարարման գործընթացը շարունակական բնույթ է կրում։ Էկոնոմիկայի նախարարությունը բացառում է երկրում դրանց դեֆիցիտը մոտակա ժամանակներում։
Դրա հետ մեկտեղ գերատեսչությունից հիշեցել են, որ ներկրողները որոշ խնդիրների են բախվում. օրինակ, «Վերին Լարս» (ռուս-վրացական սահման) անցակետում բեռնատարների երկար հերթերի հետ կապված՝ մաքսային անցակետի սահմանափակ թողունակության պատճառով: Եվս մեկ խնդիր է նոր մատակարարների որոնումը՝ այն ապրանքների ներմուծման համար, որոնք նախկինում մեր երկիր ներկրվում էին Ուկրաինայից։
Սակայն հայկական կողմն ամեն ինչ անում է ռիսկերը նվազագույնի հասցնելու համար։ Պաշտոնական տվյալներով՝ վերջին հինգ տարվա ընթացքում Հայաստանը Ռուսաստանից տարեկան ներկրում է 369.2 հազար տոննա հացահատիկ, որից ցորեն՝ 291.4 հազար տոննա, գարի՝ 21.5 հազար տոննա, եգիպտացորեն՝ 56.3 հազար տոննա:
Ընդ որում՝ ՀՀ-ում հացահատիկի սպառման միջին տարեկան պահանջարկը կազմում է 527.0 հազար տոննա, որից ցորեն՝ 385.0 հազար տոննա, գարի՝ 70.0 հազար տոննա, եգիպտացորեն՝ 72.0 հազար տոննա: 2021 թվականին Հայաստանի Հանրապետություն ներմուծված ընդհանուր 367.9 հազար տոննա հացահատիկից 359.7 հազար տոննան, կամ շուրջ 97.8 տոկոսը բաժին է ընկել Ռուսաստանի Դաշնությանը: Դրանում ցորենի մասնաբաժինը կազմում է 268․1 հազար տոննա, գարին՝ 34․4 հազար տոննա, եգիպտացորենը՝ 57,2 հազար տոննա։
Էկոնոմիկայի նախարարությունից պարզաբանեցին, որ 2022 թվականին նախատեսվում է ՀՀ ներմուծել 295 հազար տոննա ցորեն, 33 հազար տոննա գարի և 68 հազար տոննա եգիպտացորեն: Տարեսկզբից մինչև մայիսի 27-ը Հայաստանը Ռուսաստանից արդեն ներկրել է 100 հազար տոննա ցորեն, 17 հազար տոննա գարի և 32 հազար տոննա եգիպտացորեն:
Ցորենը ներկրվում է հիմնականում Ռուսաստանից, փոքր մասը՝ Ուկրաինայից, Բելառուսից և Ղազախստանից։