ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik․ Ֆրանսիան ռուսական նավթի մատակարարումները փոխարինելու շուրջ բանակցություններ է վարում Արաբական Միացյալ Էմիրությունների հետ։ «Europe 1» ռադիոկայանի եթերում հայտարարել է երկրի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրունո լե Մերը:
«Մենք ռուսական գազի մատակարարումներին փոխարինում ենք փնտրում։ Օրինակ` լուծում կարող է դառնալ ԱՄԷ-ն։ Բացի այդ, Արաբական Միացյալ Էմիրությունները կարող են փոխարինել ռուսական նավթի մատակարարումներին։ Արդեն սկսել ենք բանակցություններ վարել։ Մենք պետք է գտնենք ռուսական նավթի այլընտրանքը»,- ասել է լե Մերը։
ԵՄ-ն հրապարակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը: Այն նախատեսում է նաև ՌԴ-ից նավթի ներկրման վրա էմբարգոյի աստիճանական կիրառում։ Արգելքը վերաբերելու է միայն ծովով մատակարարումներին, իսկ «Բարեկամություն» խողովակաշարով մատակարարվող նավթը չի ընկնում սահմանափակումների տակ։
Եվրոպական պատժամիջոցների վեցերորդ փաթեթը նախատեսում է նաև «Սբերբանկի», «Ռոսսելխոզբանկի» և Մոսկվայի վարկային բանկի անջատում SWIFT համակարգից: