ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի - Sputnik. Ուկրաինական ճգնաժամին կարող են վերջ դնել Դոնեցկի և Լուգանսկի հանրաքվեները, ընդ որում՝ դրանց պետք է անկախ դիտորդներ մասնակցեն: Այս մասին գերմանական Die Welt պարբերականին տված հարցազրույցում ասել է պատերազմական ռազմավարության և աշխարհաքաղաքականության ոլորտում ամերիկացի հայտնի փորձագետ, Պետդեպարտամենտի և ազգային անվտանգության խորհրդի քաղաքական խորհրդատու Էդվարդ Լյութվակը։
Նրա խոսքով՝ ուկրաինական իշխանությունները չեն կարող անտեսել մարդկանց ընտրության հնարավորությունը, և հանրաքվեն հակամարտությանը վերջ դնելու միակ միջոցն է։ Վերլուծաբանը Ռուսաստանին հաղթելու հնարավորության մասին խոսակցությունները «ֆանտաստիկայի ժանրից» է համարում։ Ավելին՝ Մոսկվայի գլխավոր հաղթաթուղթը, նրա կարծիքով, ամենևին էլ միջուկային զենքը չէ։
«Ռուսաստանը խոշորագույն եվրոպական երկիր է։ Այն զգալի ներկայություն ունի Հեռավոր և Մերձավոր Արևելքում, Արկտիկայում և Սև ծովում, ինչը նրան անպարտելի է դարձնում»,-հավելել է նա։
Փորձագետը նաև խոսել է տնտեսական պատժամիջոցների մասին, որոնք արևմտյան երկրները սահմանել են Ուկրաինայում հատուկ գործողությանն ի պատասխան:
Նրա խոսքով՝ ռուսաստանցիների մեծամասնությունը նույնիսկ չի զգացել սահմանափակումները, քանի որ Ռուսաստանն ինքն իրեն ապահովում է պարենով և էներգիայի սեփական աղբյուրներ ունի:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 102-րդ օրը։