ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik․ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը վարչակազմին հանձնարարել է ուսումնասիրել Չինաստանից ներմուծման բարձր մաքսատուրքերի վերացման հնարավորությունը՝ փորձելով զսպել ռեկորդներ սահմանող գնաճը։ CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոն։
Նա ակնարկել է, որ Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակ ընդունված պողպատի և ալյումինի ներմուծման սակագները հավանաբար կպահպանվեն, սակայն սպառողական ապրանքների ներմուծման մաքսատուրքերի վերացումը կարող է օգտակար լինել ամերիկյան տնտեսության համար։
Նա հավելել է, որ Բայդենը խնդրել է թիմին վերլուծել իրավիճակը, որից հետո վերջնական որոշում կկայացվի:
«Ինչ վերաբերում է, օրինակ, պողպատին և ալյումինին, մենք որոշեցինք պահպանել որոշ սակագներ, քանի որ պետք է պաշտպանենք ամերիկյան աշխատողներին, պողպատի արդյունաբերությունը։ Դա ազգային անվտանգության հարց է։ Բայց կան ապրանքներ, օրինակ՝ տան համար, հեծանիվներ և այլն, որոնց համար մաքսատուրքերի նվազեցումն իմաստ ունի, և նախագահն այդ մասին մտածում է»,- հավելել է նա:
Ռայմոնդոյի խոսքով՝ Բայդենն արթնանում և քնում է՝ մտածելով, թե ինչ կարելի է անել գնաճը կանգնեցնելու համար: Նախարարի խոսքով՝ նախագահը «բաց է ցանկացած լավ գաղափարի իրականացման համար», որը կօգնի ամերիկյան ընտանիքներին։