Այլևս Ստեփանակերտ հասնել պետք չէ․ Թումո տուփեր են բացվել Ասկերանում և Մարտունիում

Թումո տուփեր Արցախում և Մարտունիում
Այն ժամանակը, որը երեխան ստիպված էր ծախսել իր բնակավայրից Ստեփանակերտ հասնելու համար, հիմա կարող է ծախսել գիտելիք ստանալու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik․ Թումո տուփեր են բացվել Արցախի Մարտունի և Ասկերան քաղաքներում։ Տեղեկությունը հայտնում է «Արցախպրեսը»։ Գործակալության հետ զրույցում «Թումո» ծրագրի գլխավոր տնօրեն Մարի Լու Փափազյանը նշել է, որ դասերը մեկնարկելու են հուլիսի 1-ից, իսկ Թումո տուփը շաբաթական 320 աշակերտի կարող է 14 ոլորտներից գիտելիքներ մատուցել:

«Հիմնական թիրախային նպատակը Թումոն հասանելի դարձնելն է Հայաստանի և Արցախի 12-18 տարեկան երիտասարդների համար: Շատ ուրախ և հպարտ եմ, որ մեր ցանկությունն իրականացավ և, վերջապես, Արցախի բոլոր շրջաններում կունենանք Թումո տուփեր: Շրջաններում տուփերի տեղադրումը հասանելիության և մատչելիության համար է»,- նշել է Փափազյանը։

Նրա խոսքով՝ այն ժամանակը, որը երեխան ստիպված էր ծախսել իր բնակավայրից Ստեփանակերտ հասնելու համար, հիմա կարող է ծախսել գիտելիք ստանալու համար։
«Միակ խնդիրը տրանսպորտն է, փորձելու ենք դա էլ լուծել, որպեսզի ամենափոքր գյուղից էլ կարողանան գալ Թումո»,- հավելել է Մարի Լու Փափազյանը:
ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը տեղեկացրել է, որ շուտով Թումո տուփեր կբացվեն Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Մարտակերտի շրջանի Գետավան համայնքներում:
«Մենք նպատակ ունենք գոնե շրջկենտրոնների և հարակից գյուղերի երեխաների համար հասանելի դարձնել Թումոյի կրթությունը»,- նշել է Բեգլարյանը:
Միջոցառմանը ներկա է եղել նաև ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։
Նշենք, որ այս տարի փետրվարին Արցախի առաջին Թումո տուփը բացվեց Մարտակերտում։
Անմխիթար վիճակում գտնվող Հակոբավանքում պատարագ է մատուցվել․ մասնակցել է Արցախի նախագահը