ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Ոստիկանները Հանրապետական մարզադաշտի մոտից բերման են ենթարկել ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանին։ Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Հնարածին առիթներով, որով բերման են ենթարկվում, կալանավորվում կամ պարզապես առևանգվում քաղաքական ընդդիմախոսները, խոսում է միայն իշխանության վախերի և քաղաքական հակառակ կարծիք ունեցողների նկատմամբ կիրառվող անթույլատրելի գործիքակազմի մասին»,- գրել է Աբրահամյանը։
Ավելի վաղ` մայիսի 10-ին, ոստիկանները մուտք էին գործել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանի բնակարան և նրան տարել անհայտ ուղղությամբ։
Հետո պարզվել էր, որ նրան բերման են ենթարկել Գյումրու Կումայրի ոստիկանական բաժանմունք: Նշենք, որ երիտասարդին բերման էին ենթարկել Գյումրիում տարեց մարդկանց ծեծելու գործի շրջանակում։
Հիշեցնենք` մայիսի 8-ին ընդդիմության կազմակերպած ավտոերթի ընթացքում Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում կանգնած քաղաքացիների և հիշյալ ավտոերթի մասնակիցների միջև տեղի է ունեցել վիճաբանություն։
Քննչական կոմիտեն հայտնել է, որ մի խումբ երիտասարդներ՝ իջնելով ավտոմեքենայից, մոտեցել են հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց և սկսել հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին:
Ընդդիմադիրներն իրենց հերթին հայտնել են, որ տեղի ունեցածը սադրանք էր. հավաքվածները մինչ այդ ձվերով, քարերով հարվածել են երթի մասնակիցների ավտոմեքենաներին, հայհոյանքներ հնչեցրել։
Հավելենք, որ նշված գործով մեղադրանք է առաջադրվել 7 անձի, որոնցից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: