ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի 100-րդ հոբելյանական առաջնությունում Սամվել Գասպարյանը երկամարտի 390կգ (176կգ+ 214կգ) արդյունքով նվաճեց Եվրոպայի առաջնության արծաթե մեդալ։
102կգ քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը վիճարկվեց մինչև վերջին մոտեցումը։
Պոկում վարժությունում առաջին մոտեցումով Գասպարյանը հաստատեց իր բարձր կարգը` գլխավերևում պահելով 172 կգ կշռող ծանրաձողը։ Երկրորդ մոտեցումը հայ ծանրորդի մոտ հաջող չստացվեց, բայց երրորդ մոտեցումով Սամվելը բարձրացրեց 176 կգ քաշը։ Այս արդյունքով Գասպարյանը վաստակեց բրոնզե փոքր մեդալ՝ մեկ կիլոգրամով զիջելով պոկում վարժության հաղթող բուլղարացի Դավիդ Ֆիշերովին։
Հրում վարժությունում առաջին մոտեցման համար ամենաբարձր հայտը ներկայացրել էր հայ ծանրորդը՝ 210կգ։ Սակայն պարզ էր, որ պայքար է ընթանալու Սամվելի, բուլղարացի Ֆիշերովի, ինչպես նաև իսպանացի Վելասկո Մարկոս Ռուզի միջև։
Ի վերջո, Գասպարյանն առաջին մոտեցման համար պատվիրեց 208 կգ և բարձրացնելով այդ քաշը, երկամարտում մեդալ նվաճելու լուրջ հայտ ներկայացրեց։
Իսկ երկրորդ մոտեցման ժամանակ գլխավերևում պահելով 211կգ-ը, Սամվելն արդեն մեդալակիր էր, մնում էր մրցակիցների մոտեցումներից հետո հասկանալ, թե ինչ մեդալ է նվաճելու հայ ծանրորդը։
Մինչև երրորդ մոտեցումն արդեն պարզ դարձավ, որ Գասպարյանը երկամարտում առնվազն արծաթե մեդալակիր է։ Իսկ երրորդ մոտեցման համար մեր մարզիկը պատվիրեց 214 կգ։
Այս քաշն էլ հայ ծանրորդը հաղթահարեց, բայց դա բավական չեղավ չեմպիոն հռչակվելու համար։ Բուլղարացի Դավիդ Ֆիշերովը գլխավերևում պահեց 215կգ-ը և երկամարտի 392 կգ արդյունքով դարձավ առաջինը։ Գասպարյանը նվաճեց արծաթե մեդալը երկամարտի 390 կգ արդյունքով։
Նշենք, որ մինչ օրս Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոնի կոչումը ընթացիկ մրցումներում նվաճել են 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը և 96 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը:
Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է դարձել Արա Աղանյանը (96կգ): Այսօր ավելի ուշ մրցահարթակ դուրս կգա Արսեն Մարտիրոսյանը (109կգ)։ Իսկ կանանց մրցումներում պայքարի մեջ կմտնի Հռիփսիմե Խուրշուդյանը (87կգ)։
Հավելենք, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը մասնակցում է 13 ծանրորդներով, որոնցից երեքը գեղեցիկ սեռի ներկայացուցիչ են։ Իզաբելլա Յայլյանը (55կգ) հինգերորդ տեղն է զբաղեցրել երկամարտում, իսկ Տաթև Հակոբյանը (76կգ), պոկում վարժությունում նվաճելով բրոնզե փոքր մեդալ, զրո է ստացել հրում վարժությունում։
Հունիսի 5-ին գերծանր քաշային կարգում մրցահարթակ դուրս կգան գյումրեցի երկու ծանրորդներ՝ Գոռ Մինասյանն ու Վարազդատ Լալայանը։