Մայիսի 3-ի միջադեպի հետևանքով տուժած 60 մարդուց հիվանդանոցում մնացել են 4-ը. ԱՆ

Տուժածները գտնվում են մասնագետների հսկողության տակ :
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Հունիսի 3-ին Երևանի Պռոշյան-Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած 4 անձ շարունակում է բուժումը ստացիոնար պայմաններում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Ժամը 13:30-ի դրությամբ՝ երեկվա միջադեպից տուժած 4 անձ է շարունակում բուժումը ստացիոնար պայմաններում: Վերջիններս գտնվում են մասնագետների հսկողության տակ: Մյուս տուժածները դուրս են գրվել»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հայտնել ենք, որ Դեմիրճյան-Պռոշյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում ընդդիմության անհնազանդության ակցիայի ժամանակ երեկ` հունիսի 3-ին, բախում է տեղի ունեցել ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև։
Արդյունքում տուժել են թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողներ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն։
Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ տուժածներից մեկի վիճակը ծանր է, նրան վիրահատում են:
Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ երեկ վիրահատված քաղաքացու վիճակն այժմ բավարար է։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։