ՌԱԴԻՈ

ՀՀ-ում նոր բունտ է հասունանում, կամ ի՞նչ խնդրի են բախվել ՀԴՄ ունեցողները

Գործարարը որոշել է բողոքի ալիք բարձրացնել։ Ասում է` եթե կառավարությունը հետքայլ չանի, անհնազանդության ակցիաներ կլինեն։
Sputnik
Հայաստանյան բանկերը ԿԲ-ի պահանջով հրաժարվում են տնտեսվարողների կողմից տարիներ առաջ ձեռք բերված ՀԴՄ սարքերի վրա POS տերմինալ ակտիվացնել և պահանջում են գնել այլ մոդելի սարքեր, որոնք ներկրվել են 2018 թվականի իշխանափոխությունից հետո։ Sputnik Արմենիայի եթերում այս մասին ասաց «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը։

«Ինքս երեք սարք եմ ձեռք բերել` ծախսելով 450 000 դրամ, հիմա պետք է ևս 450 000 դրամով ձեռք բերեմ երեք նորը։ Սա բացահայտ կոռուպցիա է, ՀՀ բոլոր տնտեսվարողների նկատմամբ բացահայտ կեղծարարություն։ Վարչարարությամբ, տուգանքներով, ստիպողաբար տնտեսվարողներին պարտադրեցին գնել նոր ՀԴՄ-ները։ Հիմա, երբ հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու անկանխիկ գործարքների մասին օրենքը, և բոլոր տնտեսվարողներն իրենց խանութներում պետք է պարտադիր ունենան նոր ՀԴՄ-ներ, զանգահարում ենք բանկեր և խնդրում ակտիվացնել POS տերմինալը, սակայն մեզ ասում են, որ ԿԲ-ից ունեն ներքին կարգադրություն` այլևս չակտիվացնել հեղափոխությունից առաջ ներկրված ՀԴՄ-ների POS տերմինալները»,- մանրամասնեց Գրիգորյանը։

Նրա խոսքով` խնդրահարույց է դարձել այն հանգամանքը, որ նախկինում ձեռք բերված ՀԴՄ սարքերը չունեն հպումով վճարային համակարգ, իսկ նորագույններն օժտված են այդ ֆունկցիայով։ Ըստ նրա` ստացվում է, որ տնտեսվարողները պետք է նախկին ՀԴՄ սարքերը գցեն աղբամանը, այսինքն` տնտեսվարողների վրա դնում են հավելյալ, չմտածված ծախս, ինչը տեղի է ունենում կառավարության մեղքով, մինչդեռ փոխհատուցման մասին որևէ հայտարարություն, ըստ Գրիգորյանի, դեռ չկա։
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգողը հայտնեց, որ ֆեյսբուքյան գրառմամբ ցանկանում է բողոքի ալիք բարձրացնել, որպեսզի կառավարությունը, ԿԲ-ն հետքայլ կատարեն և հպումով վճարային համակարգ ունեցող ՀԴՄ սարքերի պարտադրումը չեղարկեն, այլապես իրականացվելու են անհնազանդության ակցիաներ, անկանխիկի օրենքի համատարած արհամարհում, և այդ դեպքում կլինի նաև դատական հայցերի մեծ հոսք։

«Մենք կդիմենք, սակայն բանկերը նախկինում ձեռք բերված ՀԴՄ-ների վրա չեն ակտիվացնի POS տերմինալը, այդ դեպքում, չենք ունենա անկանխիկ գործարքներ իրականացնելու հնարավորություն, և եթե հանկարծ մեզ տուգանեն, կամ մեր նկատմամբ կիրառվի վարչարարություն, անպայման կդիմենք դատարան»,- ասաց գործարարը։

Գրիգորյանը տեղեկացրեց, որ վերոհիշյալ հարցով կառավարությանը գրավոր դիմելու իմաստ չկա, քանի որ ֆեյսբուքյան իր էջը ենթարկվում է մանրազնին մոնիտորինգի, ուստի հուսով է` իր գրառումն ավելի շուտ տեղ կհասնի, քան որևէ նամակ։
Հայաստանում խստացվում են ՀԴՄ կտրոններ չտրամադրելու տուգանքները