ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Այսօրվա հաղթանակից հետո գովեստի են արժանի բոլոր ֆուտբոլիստները, նույնիսկ նրանք, ովքեր դուրս էին մնացել հայտացուցակից։ Հայաստան-Իռլանդիա հանդիպումից հետո ասուլիսում այսպիսի հայտարարություն արեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։
«Վերջին ծանր պարտությունից հետո թիմը ընկճված էր, և ինձ համար բարդ չէր տղաներին մոտիվացնելը։ Այս հաղթանակը տոնեցինք թիմային ու կարգապահ խաղի ու նվիրվածության շնորհիվ։ Ոչ ոքի առանձնացնել չեմ ուզում։ Շնորհավորում եմ նույնիսկ այն ֆուտբոլիստներին, որոնք պահեստայինների նստարանից աջակցում էին իրենց թիմակիցներին, և այն ֆուտբոլիստներին, որոնք դուրս մնացին հայտացուցակից։ Մեզ համար հիմա առաջնային հարց է ֆուտբոլիստների վերականգնվելը, քանի որ մինչև հունիսի 14-ը ևս երեք խաղ ունենք անցկացնելու»,- հավելեց Կապառոսը։
Նշենք, որ շատերը Հայաստան-Իռլանդիա խաղում ֆավորիտ էին համարում հյուրերին։ Նախախաղային ասուլիսում մեր թիմի գլխավոր մարզիչը նշել էր, որ Հայաստանի հավաքականը մոտիվացված է մաքսիմալ կերպով, բայց ֆուտբոլում կարևորն արդյունքն է։
Հիշեցնենք` Ազգերի լիգայի B լիգայի առաջին խաղում այսօր Հայաստանի հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում Էդուարդ Սպերցյանի գոլի շնորհիվ 1։0 հաշվով հաղթեց Իռլանդիայի ընտրանուն։
Հունիսի 8-ին մեր հավաքականը երկրորդ խաղը կանցկացնի` մրցակցի հարկի տակ մրցելով Շոտլանդիայի ընտրանու հետ, որին հյուրընկալելու է հունիսի 14-ին։ Բայց այս երկու խաղերի միջնամասում՝ հունիսի 11-ին, մեր հավաքականը կխաղա Ուկրաինայի ընտրանու հետ։