ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Ադրբեջանի իշխանություններն արգելափակել են ռուսական ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալության կայքը Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ հարցազրույցից հետո։
Ադրբեջանի ԱԳՆ-ն, ի պատասխան ՌԻԱ Նովստիի հարցի, թե ինչու են տեղական իշխանություններն արգելափակել ria.ru կայքը, ռուսական լրատվական գործակալությանը մեղադրել է Լեռնային Ղարաբաղի հայտարարությունները «նույնությամբ կրկնելու» մեջ։
«Ռուսական պետական լրատվական գործակալության կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ զրպարտչական բնույթ և անջատողական միտումներ քարոզող տեղեկատվության տարածումը չի համապատասխանում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների ոգուն և, հետևաբար, լուրջ ափսոսանք է առաջացնում»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան։
Հիշեցնենք` ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում Բեգլարյանն՝ ի թիվս այլ դիտարկումների, ասել է, որ ռուս խաղաղապահները պետք է անորոշ ժամանակով մնան Լեռնային Ղարաբաղում, և հատկապես այժմ նրանց ներկայությունն անհրաժեշտություն է։