ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի 100-րդ հոբելյանական առաջնությունում 109 կգ քաշային կարգում Արսեն Մարտիրոսյանը երկամարտի 371 կգ (170կգ + 201կգ) արդյունքով նվաճեց ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը։
Տեխնիկական խնդրի պատճառով Արսեն Մարտիրոսյանը չկարողացավ իրացնել առաջին մոտեցումը պոկում վարժությունում և նախնական հայտի քաշը՝ 170 կգ-ը, բարձրացրեց միայն երկրորդ մոտեցման ժամանակ։
Երրորդ մոտեցմանը Մարտիրոսյանը չկարողացավ իրեն ենթարկեցնել 174 կգ կշռող ծանրաձողը։ Միակ արդյունավետ մոտեցումը Արսենին ապահովեց ընդամենը չորրորդ տեղը պոկում վարժությունում։ Իսկ չեմպիոնի կոչումն այս վարժությունում նվաճեց բուլղարացի Հրիստո Հրիստովը, որի արդյունքն էր 180կգ։
Հրում վարժությունում Արսենն առաջին մոտեցման ժամանակ գլխավերևում պահեց 201 կգ-ը, իսկ հետո պատվիրեց տասը կիլոգրամով ավելի քաշ։
Սա փորձ էր` երկամարտի արծաթե մեդալ նվաճելու։ Բայց Մարտիրոսյանը չկարողացավ բարձրացնել քաշը, նույնիսկ վնասվածք ստացավ ու հրաժարվեց երրորդ մոտեցումից։
Այսպիսով` հայ ծանրորդը երկամարտի 371 կգ արդյունքով նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը։
Հիշեցնենք, որ Եվրոպայի չեմպիոնի կոչումը Հայաստանի հավաքականի կազմում նվաճել են 81 կգ քաշային Ռաֆայել Հարությունյանը և 96 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը։ Երկամարտում Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիրներ են դարձել Արա Աղանյանը (96կգ) և Սամվել Գասպարյանը(102կգ)։
Այսօր Եվրոպայի առաջնությունում վեց տարվա ընդմիջումից հետո կանանց մրցումներում պայքարի մեջ կմտնի Հռիփսիմե Խուրշուդյանը (87կգ)։
Իսկ հունիսի 5-ին գերծանր քաշային կարգում մրցահարթակ դուրս կգան գյումրեցի երկու ծանրորդներ՝ Գոռ Մինասյանն ու Վարազդատ Լալայանը։