ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Կոտայքի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Երեկ`ժամը 14:30-ի սահմաններում, «Նոր-Հաճնի» պոլիկլինկայից ոստիկանության Նաիրիի բաժին և ոստիկանության Նոր-Հաճնի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ «գլխի գագաթային հատվածի հեմատոմա, այրման հետևանքով առաջացած գազերի ներշնչում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ոստիկանները պարզել են, որ նա Նոր Գեղի գյուղի բնակիչ, 35-ամյա Քնարիկ Մ.-ն է, որն աշխատում է Կոտայքի մարզում գործող «Արգոթեք Ինվեստ» ՍՊԸ-ում:
Պարզվել է նաև, որ նրա ինքնազգացողությունը վատացել է նշված ՍՊԸ-ում, և նա վայր է ընկել:
Նույն օրը` ժամը 16:30-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից էլ ոստիկանության Նաիրիի բաժնին հայտնել են, որ «ծխահարության» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ:
Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածները Կոտայքի մարզի բնակիչներ են` 69-ամյա Մարիետա Գ.-ն, 45-ամյա Ֆաթիմա Մ.-ն և 36-ամյա Ռուզաննա Պ.-ն:
Ապա, ժամը 17:00-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում գազային խառնուրդ, գոլորշիների թունավորումից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացի:
Պարզվել է, որ նրանք ևս Կոտայքի մարզի բնակիչներ են` 34-ամյա Ռոզա Գ.-ն, 56-ամյա Քանաքարա Ն.-ն, 43-ամյա Նախշուն Ա.-ն, 36-ամյա Հովհաննես Մ.-ն, 36-ամյա Արմինե Ս.-ն, 60-ամյա Տիմա Մ.-ն, 29-ամյա Արմինե Օ.-ն, 42-ամյա Սուսաննա Մ.-ն, 35-ամյա Լուսինե Հ.-ն, 46-ամյա Գրետա Ն.-ն և 33-ամյա Նաիրա Մ.-ն:
Վերջիններս ոստիկաններին հայտնել են, որ իրենց ինքնազգացողությունը վատացել է «Արգոթեք Ինվեստ» ՍՊԸ-ում՝ աշխատանքի ժամանակ:
Փաստի առթիվ ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: