Արցունքաբեր և ծխարձակող հատուկ միջոցներ չեն կիրառվել. ոստիկանությունը` բախումների մասին

Ոստիկանությունից հայտնում են, որ բացառապես լուսաձայնային հատուկ միջոցներ են կիրառել, որոնք ժամկետանց չեն եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Երևանի Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում երեկ տեղի ունեցած անհնազանդության ակցիայի ժամանակ կիրառվել են բացառապես լուսաձայնային հատուկ միջոցներ։ ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել, անդրադառնալով այն հայտարարություններին, թե այլ միջոցներ ևս կիրառվել են։

«Արցունքաբեր և ծխարձակող հատուկ միջոցներ չեն կիրառվել։ Հատուկ միջոցները կիրառվել են օրենքով սահմանված կարգով՝ օդում, քաղաքացիների համար առավելագույնս անվտանգ տարածության վրա։ Հավելենք, որ դրանց կիրառումից թեթև վնասվածքներ են ստացել ոստիկանության երկու ծառայող, իսկ ևս 45 ոստիկան վնասվածքները ստացել են բախումների հետևանքով: Հատուկ միջոցները ժամկետանց չեն եղել»,- հայտնել են ոստիկանությունից։

Ոստիկանությունը պնդել է, որ ակցիայի կազմակերպիչների հնչեցրած կոչերի հետևանքով մասնակիցները չեն դրսևորել իրավաչափ վարքագիծ, չեն ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանների օրինական պահանջներին, բռնություն են գործադրել նրանց նկատմամբ և շշեր, քարեր ու մետաղե առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ, ուստի որոշում է կայացվել կիրառել հատուկ միջոցներ։
Հայտնել ենք, որ Պռոշյան-Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում ընդդիմության անհնազանդության ակցիայի ժամանակ երեկ` հունիսի 3-ին, բախում է տեղի ունեցել ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև։
Արդյունքում տուժել են թե՛ քաղաքացիական անձիք, թե՛ ոստիկանության ծառայողներ, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կան ձերբակալվածներ։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։