ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Այսօր Վրաստանում 1000-ից ավել բեռնատարներ ունենք հայկական ապրանքներով լցված։ ԱԺ-ում 2021թ. պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ շուրջ 1 ամիս է` բեռնատարների հայ վարորդները Վրաստան-Ռուսաստան սահմանին են և չեն կարողանում ո՛չ շարունակել ճանապարհը, ո՛չ վերադառնալ։ Եվրոպական ուղղությունները, որոնք նախկինում գալիս էին Բելառուսի և Ուկրաինայի տարածքով, այժմ ստիպված Թուրքիայի և Վրաստանի միջոցով են մտնում ՌԴ, և մեծ խցանում է առաջանում։
«Վերին Լարսում վիճակը խիստ լարված է մնում։ Անցակետի թողունակությունն ամեն ուղղությամբ կազմում է օրական 170 բեռնատար։ Վերջին տվյալներով` այնտեղ 3 անգամ ավել բեռնատար է անցնում»,–ասաց Քերոբյանը։
Նրա խոսքով` հայ արտահանողները մեծ վնասներ են կրում արագ փչացող ապրանքների մասով։ Նախարարը հիշեցրեց, որ հունիսի 11-ին Լարսի անցակետում հանդիպելու է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի հետ։ Հանդիպմանը ներկա կլինեն նաև ռուսական մաքսային և ճանապարհային ծառայությունների ներկայացուցիչներ։ Քերոբյանը վստահեցրեց` ռուս գործընկերները նույնպես շահագրգռված են, որ խնդիրը լուծվի։