ՀՀ իշխանությունները պատրաստ են խոսել ադրբեջանցիների հետ, ընդդիմության հետ` ոչ

Նիկոլ Փաշինյանը ԱԺ–ում. Արխիվային լուսանկար
​Եկեք անկեղծ լինենք։ Հայաստանի ընդդիմության տեսակետներն Արցախի վերաբերյալ ամեն օր ենք լսում Երևանի հրապարակներում և փողոցներում, այնինչ իշխանության դիրքորոշման մասին ստիպված ենք ընդամենը ենթադրություններ անել։
Sputnik
Եվ դա այն դեպքում, երբ Ադրբեջանի հետ կարևոր բանակցություններ են սպասվում։ Ու որքան էլ բողոքող ընդդիմադիրները կրկնեն, թե ժողովրդի անունից խոսելու մանդատ իշխանությունները չունեն, ողջ աշխարհում պաշտոնական բանակցությունները ոչ թե ընդդիմությունն է վարում, այլ հենց երկրի իշխանությունները։ Այս տեսակետից շատ դրական կլիներ, եթե իշխանությունը ներկայացնող պատգամավորները, ինչպես ժողովուրդն է ասում, քարը փեշից թափեին ու անպայման մասնակցեին Արցախի հարցին նվիրված խորհրդարանական նիստին՝ կլսեինք թե՛ նրանց, թե՛ ընդդիմադիրների փաստարկները, կհամեմատեինք։
Ավա՜ղ։ Վաղուց անցել են այն ժամանակները, երբ իշխանության եկած նոր ուժը հավաստիացնում էր հայաստանցիներին՝ առանց ձեզ տեղեկացնելու և ձեր «դաբրոն» ստանալու, երբեք ոչ մի քայլ չենք անի։ Համաձայնե՛ք, այդ խոստումը գնալով ավելի ու ավելի ծիծաղելի է դառնում։ ​Ի դեպ, Հայաստանի իշխանությունների հստակ դիրքորոշումը միայն մեզ չի, որ հետաքրքրում է։ Այն շատ կարևոր է նաև միջազգային հանրության և կառույցների համար, որոնք շատ լավ հասկանում են, թե ինչ է ուզում Ադրբեջանը, բայց այդպես էլ չունեն այն հարցի պատասխանը, թե վերջապես ի՞նչ է ուզում Հայաստանը։
Ճիշտ է, ինչ-որ լղոզված, բացարձակ ոչինչ չասող արտահայտություններով մեր իշխանությունները շարունակ փորձում են ներկայացնել իրենց դիրքորոշումը, բայց այնքան պարզունակ են դա անում, որ նույնիսկ երրորդ դասարանի աշակերտն է հասկանում՝ կառավարությունն ավելի շատ ցանկանում է կոծկել, քան բացահայտել իր դիրքորոշումը։ ​Ու կամաց-կամաց մեր առջև ուրվագծվում է ոչ այնքան հաճելի երկընտրանք՝ ականջ դնել ընդդիմադիրների՞ն, որոնց ասածները ավելի շատ նախընտրական կարգախոսներ են հիշեցնում, թե՞ ընդունել իշխանությունների կողմնակիցների, այսպես ասած՝ «պողպատե» փաստարկը, որից ակնհայտ սպառնալիքի հոտ է փչում՝ «նոր պատերազմ եք ուզո՞ւմ։ Եթե չեք ուզում, որ կրկին երիտասարդներ զոհվեն, պիտի ընդունեք ադրբեջանցիների հետ բանակցությունների ցանկացած արդյունք»։
​Մի խոսքով, բանավեճը հայ հասարակությունում, ցավոք, ընթանում է խիստ քաղականացված, հուզական մթնոլորտում, մինչդեռ շարքային քաղաքացին սպասում է շատ կոնկրետ հարցերի պատասխանին։ Օրինակ, ինչպե՞ս կարձագանքեն Հայաստանի իշխանությունները, եթե Ադրբեջանը պնդի, այսպես կոչված՝ «Զանգեզուրյան միջանցքի» գաղափարը, այսինքն, հայտարարի, թե Բաքուն պետք է վերահսկողություն ստանա Մեղրիի շրջանով անցնող երկաթուղու նկատմամբ, այլապես մաքսակետեր և անցակետեր կդնի Լաչինի միջանցքում։ ​Կամ՝ գոնե առաջին հայացքից զուտ տեսական թվացող այն հարցը, որն իրականում շատ գործնական նշանակություն ունի՝ Ղարաբաղյան կարգավորումը արդյոք մա՞ս է կազմում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու գործընթացի, թե՞ Արցախյան հիմնախնդրի հանգուցալուծումը միանգամայն այլ, առանձին գործընթաց է, ինչպես եղել է տասնամյակներ շարունակ։ Բայց ամենագլխավորը։
նդդիմությունը շարունակ պնդում է ու ցանկանում է ամրագրել այն տեսակետը, որը կիսում են նաև Ստեփանակերտում՝ բացառվում է Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում, ինչպես նաև Արցախի անկլավային վիճակ՝ առանց Հայաստանի հետ հուսալի ցամաքային կապի։ Եթե Հայաստանի իշխանությունները համաձայն չեն այս դրույթի հետ, միգուցե քննարկվի փոփզիջումային տարբերակը՝ Արցախի կարգավիճակի հարցն ընդհանրապես հետաձգվում է։ Ոմանք գտնում են, որ սա ներկա պայմաններում միակ իրական լուծումն է։ Էդպե՞ս է դա, թե՞ ոչ՝ կարելի էր լրջորեն քննարկել խորհրդարանում։
ՌԱԴԻՈ
Այսօր ասում են` հայաստանցի–ղարաբաղցի, վաղը կասեն՝ երևանցի–գյումրեցի. Թևան Պողոսյան
Բայց չեղավ։ Ախր, մինչեւ հիմա այդպես էլ չհասկացանք՝ կարո՞ղ են արդյոք Հայաստանի բոլոր հիմնական քաղաքական ուժերը միատեսակ մոտեցում մշակել Ադրբեջանի հետ սպասվող ծանր բանակցությունների նախօրեին։ Չէ՞ որ երբ գործ ունես դրսի հակառակորդի հետ, ամենացանկալի բանը բոլորովին էլ ներքին հակամարտությունը չէ, երկխոսությունն է, որը շատ ավելի բնական է խորհրդարանում, քան փողոցում։ Իսկ ի՞նչ են անում իշխանությունները։ Հերիք չի՝ չեն ուզում մասնակցել շատ կարևոր քննարկմանը պառլամենտական դահլիճում, դեռ մի բան էլ սպառնում են ընդդիմադիրներին, թե կզրկեն նրանց պատգամավորական մանդատներից։
Ափսոս, բայց հենց այս պայմաններում էլ գնում ենք դեպի բանակցություններ։ Այսինքն` շատ հետաքրքիր վարքագիծ ենք որդեգրել։ Միմյանց հետ չենք ուզում քաղաքակիրթ ձևով բանավիճել, բայց ադրբեջանցիների հետ պատրաստ ենք խոսել։