ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Ամենակարևորը ճիշտ մասնագիտության ընտրությունն է։ Այս միտքն է շեշտել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջանավարտներին ուղղված շնորհավորական ուղերձում, հայտում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Ընտրել մասնագիտություն, զբաղմունք, որ սիրում եք ինքներդ և ոչ թե ուրիշները: Ընտրել մասնագիտություն, որը անելիք կդառնա ձեզ համար, ամեն օր հնարավորինս վաղ արթնանալու և հաճույքով աշխատանքի գնալու մոտիվացիա կհաղորդի ձեզ և օգուտ կբերի ուրիշներին»,–նշել է վարչապետը:
Նա շեշտել է, որ չէր ուզի շրջանավարտները գնան երբեմն ոչինչ չտվող դիպլոմների ետևից, այլ գնան առաքելության ետևից` լինի դա ուսուցչի, գիտնականի, բժշկի, զինվորականի, գործարարի, թե այլ մասնագետի դեպքում։
«Ուզում եմ` հավատաք մեր հայրենիքը դեպի լավը փոխելու ձեր առաքելությանը, ուզում եմ հավատաք նաև քաղաքացիական ձեր առաքելությանը, որովհետև շատ շուտով արդեն երկրի ապագայի մասին որոշումներ կայացնելու հնարավորություն եք ունենալու որպես ընտրող»,–նշել է նա։
Փաշինյանը շեշտել է, որ ցանկացած պարագայում ապագայի երաշխիքը իմացությունն է, գիտելիքը, հմտությունը:
Նշենք, որ այսօր Վերջին զանգի միջոցառումներով հանրապետության դպրոցներում ավարտվում է ուսումնական տարին։
Այս տարի 12-րդ դասարանն ավարտում են շուրջ 21 հազար, իսկ 9-րդ դասարանը` ավելի քան 34 հազար 500 շրջանավարտներ: