Սերգեյ Լավրովն ասել է, որ Շոլցի խոսքերն այն մասին, որ Գերմանիան «ԵՄ գլխավոր ռազմական ուժը» կլինի, վկայում են Գերմանիայում «դոմինանտ նկրտումների» վերածննդի մասին: Նախարարը, ինչպես միշտ, հատուկ ընտրում է բառերը, բայց «դոմինանտ» եզրույթն, ըստ էության, «հեգեմոնիստականի» մեղմ տարբերակն է։
Շոլցն իհարկե իր հայտարարությամբ իրարանցում է առաջացրել` խոստանալով ՆԱՏՕ-ի շրջանակում կազմավորել Եվրոպայի ամենամեծ բանակը, որ «զգալիորեն կամրապնդի Գերմանիայի ու նրա դաշնակիցների անվտանգությունը»: Կանցլերը չի բացատրել, թե ինչ է հասկանում Եվրոպա ասելիս՝ հնարավորություն ընձեռելով շահարկել բունդեսվերի առաջիկա աճը։ Այժմ Գերմանիայի ԶՈւ–ն շուրջ 180 հազար զինծառայող ունի, համեմատության համար ֆրանսիական զինված ուժերում 210 հազար մարդ կա։
Գերմանական բանակի թվաքանակը 15-20 տոկոսով սեղմ ժամկետներում ավելացնելը միանգամայն հնարավոր է, հարցը միայն գինն է: Բայց ՆԱՏՕ-ում և գրեթե Եվրոպայում (որպես ԵՄ անդամության թեկնածու) կա նաև Թուրքիան, իսկ այն ավելի քան կես միլիոնանոց բանակ ունի։ Պարտված Գերմանիան երբեք նման բանակ չի ունեցել։ Գերմանիայում ԶՈւ-ն հասել է առավելագույնը 450 հազարի։ Այնպես որ, եթե գերմանացիներն ուզում են թուրքական բանակից էլ առաջ անցնել, դա սկզբունքորեն փոխում է իրավիճակը։
Եվ իրավիճակը փոխվում է ոչ թե Ռուսաստանի, այլ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի համար։ Քանի որ ամբողջ հետպատերազմյան Ատլանտյան աշխարհակարգը, Արևմուտքի ամբողջ միասնությունը հիմնված է պարզ բանաձևի վրա, որն արտահայտել է ՆԱՏՕ-ի առաջին գլխավոր քարտուղարը։ Գեներալ Իսմեյն ասել է. «Keep the Americans in, Russians out and Germans down»։ Այսինքն՝ ԱՄՆ-ին պահել Եվրոպայում, Ռուսաստանին՝ Եվրոպայից դուրս, իսկ Գերմանիային ՝ վերահսկողության տակ։ Ամեն ինչ պարզ է այնքան ժամանակ, քանի դեռ Գերմանիան առնվազն ռազմական առումով կախված է անգլոսաքսերից։ Հենց այդ պատճառով հնարավոր չէ, որ համաեվրոպական բանակ լինի, չէ որ, հաշվի առնելով Եվրոպայում Գերմանիայի կշիռը, այդ բանակը կդառնա գերմանական։ Իսկ այդ բանակի հայտնվելը կապահովի Եվրոպայի անկախությունն անգլոսաքսերից։
Բայց Գերմանիային վերահսկողության տակ պահելու համար պետք է պարբերաբար նրան վախեցնել. և ահա հիմա խիստ վախեցրել են Ռուսաստանով։ Որոշ անգլոսաքսերի նույնիսկ թվում է, թե իրենք ոչ միայն հուսալիորեն ու երկար ժամանակով դուրս են մղել Ռուսաստանին Եվրոպայից, այլև իրական աշխարհաքաղաքական երկաթե վարագույր կառուցելու հնարավորություն են ստացել: Այն պատրաստվում են կառուցել հակառակ Գերմանիայի շահերի ու ոչ նրա ուժերով: Կներգրավեն լեհերին և շվեդերին։ Իսկ գերմանացիներին կմեղադրեն Պուտինի հետ համաձայնության գալու և Ռուսաստանին ենթարկվելու համար։ Բայց այս ֆոնին Գերմանիան ուզում է իր ներդրումն ունենալ միասնական Եվրոպայի անվտանգության ամրապնդման ընդհանուր գործում։
Կամ, ինչպես փետրվարի վերջին հայտարարել էր Շոլցը, Գերմանիայի «հասունանալու ժամանակն է»՝ ոչ միայն հրաժարվելով Ռուսաստանի հետ էներգետիկ համագործակցությունից, այլ ավելացնելով պաշտպանական ծախսերը և ուժեղացնելով ռազմական ներկայությունը Արևելյան Եվրոպայում։
Հաջորդ քայլը դարձավ Եվրոպայի խոշորագույն բանակի մասին խոսքերը, իհարկե Շոլցը, թուրքական բանակը եվրոպական չի համարում։ Անգլոսաքսերը չեն առարկում գերմանական պատրաստականությունը. նրանք իրենք էլ տարիներ շարունակ կոչ էին անում Բեռլինին ավելի շատ ծախսել սպառազինության վրա, իսկ հիմա քննադատում են նրան Ուկրաինային չնչին ծավալի զենք մատակարարելու համար։ Բունդեսվերի մի փոքր ավելացումը ոչ մի կերպ չի սպառնում Եվրոպայի անգլոսաքսոնական վերահսկողությանը, բազաներն ու միջուկային զենքը, միևնույն է, ամերիկյան են, իսկ ազգային բանակների հրամանատարությունը, ըստ էության, ՆԱՏՕ-ի ձեռքում է։
Ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ։ Քանի որ գերմանացիները պատրաստ են մեծացնել իրենց բանակը ոչ այն պատճառով, որ ամաչում են լեհերի առաջ Ռուսաստանի հետ երկար տարիների լավ հարաբերությունների համար։ Ոչ, նրանք պարզապես չեն ուզում կորցնել վերահսկողությունը Եվրամիության նկատմամբ։ Որն այժմ պետք է լինի և՛ տնտեսական, և՛ գաղափարական։ Այո, ամենամեծ բանակ ունենալը լուրջ փաստարկ է այն վեճերում, թե ով և ուր է տանում ԵՄ-ն։ Գերմանացիները ոչ միայն ապահովում են եվրոպացիներին, այլև պաշտպանում են նրանց: Իհարկե, բոլորն էլ հասկանում են, որ դա իրականում այդպես չէ, պարզապես խոսքեր են։ Ում և ինչից կարող է պաշտպանել 200-հազարանոց բանակը նվազագույն ՌՕՈւ-ով ու ՌԾՆ-ով: Բայց Եվրամիության վերահսկողության համար պայքարն ընթանում է նաև քարոզչական մակարդակով։
Բեռլինի համար կարևոր է չթողնել, որ անգլոսաքսերի ազդեցությունը ԵՄ-ում ուժեղանա, իսկ հակառուսական համախմբումը նման հնարավորություն տալիս է։ Նույն Լեհաստանը դիտվում է որպես Եվրամիությունում գերմանական ազդեցության կարևորագույն հակակշիռ, ուստի Բեռլինն ուզում է զրկել ընդդիմախոսներին գերմանացիներին վախկոտության ու վտանգավոր պացիֆիզմի մեջ մեղադրելու հնարավորությունից:
Դրա համար էլ Լավրովը ճիշտ է, երբ խոսում է Գերմանիայի դոմինանտ նկրտումների մասին, միայն թե դրանք բացատրվում են ոչ թե իրենց դիրքերն ամրապնդելու, այլ պաշտպանելու ցանկությամբ։ Ընդ որում, ինքնիշխանության մնացորդների կորուստը նույնպես շարունակվում է. խզումը Ռուսաստանի հետ, որին այժմ դրդում են Գերմանիային, իհարկե, անհնար կլիներ, եթե Բեռլինն իրեն լիարժեք և ինքնուրույն խաղացող զգար համաշխարհային ասպարեզում:
Ընդ որում, ԵՄ-ում գերիշխանությունը պահպանելու Գերմանիայի ձգտումը մարտահրավեր չէ անգլոսաքսոնական նախագծին, քանի դեռ Եվրամիությունը գտնվում է ատլանտյան վերնախավերի (անգլոսաքսոնական ու եվրոպական) վերահսկողության տակ։ Այսինքն՝ համեմատաբար ուժեղ և վերահսկելի Գերմանիան` ԵՄ-ի կողմից կառավարվող, հենց եվրաինտեգրման այն տարբերակն է, որն անգլոսաքսերին, ընդհանուր առմամբ, ձեռնտու է։ Մինչև ինչ-որ ժամանակ, իհարկե, քանի որ վաղ թե ուշ հարցը կոշտ է դրվելու։