ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Ուկրաինան Մեծ Բրիտանիայի ֆինանսական աջակցությամբ Նիկոլաևի մարզում տեսանյութ է նկարահանել, որում ՌԴ-ի հետ իբր մարտեր են ընթանում։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Գեներալի խոսքով` Մարիուպոլում Ուկրաինայի քաղաքական աղետի և Դոնբասում ռազմական ձախողումների համապատկերում Կիևի ռեժիմը արևմտյան և ուկրաինական լսարանի համար «մարտական ոգին բարձր պահող» տեսասյուժեներ է պատրաստել։
«Մայիսի 28-ին Նիկոլաևի մարզի Մեշկովկա բնակավայրի տարածքում բեմադրված տեսանյութեր են նկարահանվել՝ իբր ուկրաինացի ազգայնականների կողմից արևմտյան սպառազինության կիրառման «բարձր արդյունավետության մասին»։ Բրիտանացի համակարգողների պնդմամբ` ավելի մեծ դրամատիզմ հաղորդելու համար նկարահանման հարթակում ուկրաինացի ազգայնականների և թվաքանակով գերազանցող «ռուս զինվորականների»` երբևէ գոյություն չունեցած «մարտ» է բեմադրվել»,- ասել է Կոնաշենկովը։
Նրա խոսքով` «հակառակորդի» դերը կատարել են տարածքային պաշտպանության տեղի ստորաբաժանումների անդամները, որոնք կարմիր թևկապներով են եղել, ու քանի որ որպես ռազմավար վերցված ռուսական տեխնիկա չեն ունեցել, «պայմանական հակառակորդը» կադրում հայտնվել է ուկրաինական զրահամեքենաներով։
Կոնաշենկովը նշել է, որ հաջորդ տեսանյութերի նկարահանումները նախատեսված են հունիսի 5-ին և 6-ին։ Դրանցում «հասարակ ուկրաինացիները» կմեղադրեն ՌԴ-ին խաղաղ բնակավայրերն իբրև թե գնդակոծելու մտադրության մեջ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 100-րդ օրը։