ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Ծիծեռնակաբերդի խճուղում ճանապարհահատվածի փլուզումից հետո տարվող շինարարական աշխատանքները կավարտվեն 4-5 օրից, և այն ամբողջությամբ կբացվի։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Նրա խոսքով` այս պահի դրությամբ արձանագրություն չկա, որ շինարարի մեղքով է այդ ամենը եղել:
«Պարզապես շինարարություն է արվել, անձրևի պատճառով, ինչպես նաև շինարարական վիբրացիաների պատճառով փլուզում է տեղի ունեցել: Այս պահի դրությամբ շինարարը վերականգնում է այդ ճանապարհն իր միջոցներով: Կարծում եմ` այդ հատվածի վրա ցանկացած շինարարի հետ նմանատիպ բան կարող էր տեղի ունենալ: Մոտ 4-5 օրից ճանապարհն ամբողջությամբ կբացվի: Երկու հերթափոխով աշխատանք են անում, առավոտյան 6-ից աշխատանքներ են իրականացվում», - ասաց Սարգսյանը:
Հիշեցնենք` մայիսի 20-ին Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող հատվածում տեղի է ունեցել հողաշերտի փլվածք, որն ուղեկցվել է ավտոճանապարհից մոտ 22 քմ հատվածի և երկաթբետոնե հենապատի փլուզումով։ Արդյունքում երկու արտաքին լուսավորման սյուն է շրջվել, վնասվել են մալուխներ և կոյուղատար խողովակ, առկա է ճանապարհահատվածի կրկին փլուզման վտանգ։