Շատ համայնքապետներ ունենք, որոնք 400 000 դրամից ավելի աշխատավարձ են ստանում. Սանոսյան

Գնել Սանոսյանը հայտնեց` դեկտեմբերի 5-ից հետո, երբ համայնքները խոշորացել են, բոլոր աշխատակիցների աշխատավարձը փոխվել է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Համայնքների խոշորացման հետևանքով համայնապետների և համայնքապետարանների աշխատակիցների աշխատավարձն էապես բարձրացել է։ ԱԺ-ում 2021թ. պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այս մասին ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Հայաստանում բոլոր ոլորտների աշխատակիցների աշխատավարձի բարձր լինելը ցանկալի է, ինչով բոլորն են մտահոգված։ Երկար տարիներ այս խնդիրն ունեինք, սակայն համայնքների խոշորացման արդյունքում շատ համայնքապետներ ունենք հիմա, որոնք 400 000 դրամից ավելի աշխատավարձ են ստանում, իսկ նախկինում 150-250 000 էր նրանց վարձատրությունը»,–ասաց Սանոսյանը։

Նրա խոսքով` դեկտեմբերի 5-ից հետո, երբ համայնքները խոշորացել են, բոլոր աշխատակիցների աշխատավարձը փոխվել է: Սանոսյանը հավելեց, թե դրանք, գուցե, բավարար չեն և ավելին անելու անհրաժեշտություն էլ կա: