«Նաիրիտ» գործարանի մոտակայքում էքսկավատորն ընկել է փոսը. վարորդը հոսպիտալացվել է

Դեպքը տեղի է ունեցել Բագրատունյաց պողոտայում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Այսօր Երևանում ՃՏՊ է տեղի ունեցել, որի հետևանքով 62-ամյա տղամարդ է հոսպիտալացվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` հունիսի 3-ին, ժամը 11։17-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Թամանցիների փողոցում՝ «Նաիրիտ» գործարանի մոտակայքում, էքսկավատորը շրջվել է․ կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Բագրատունյաց պողոտայի 6/77 հասցեում շինարարական աշխատանքներ իրականացնելիս «Honda» մակնիշի էքսկավատորը շրջվել է փոսը։ Մեքենայի վարորդը արգելափակվել է ներսում։

Փրկարարները Գ․Ղ․-ին (ծնված՝ 1960 թ․) դուրս են բերել ավտոմեքենայից։ Նա հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։