ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Իշխանությունն անիմաստ, առանց պատճառի դիմել է սադրանքի։ Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց «Դիմադրություն» շարժման անդամ, ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը` անդրադառնալով Պռոշյան– Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած բախումներին ու ոստիկանության կողմից հատուկ միջոցներ կիրառելու դեպքերին։
«Ո՛չ շենք ենք գրավել, ո՛չ ասել ենք մտնում ենք էդ հողատուի տուն, ո՛չ ասել ենք մտնում են կառավարություն, ո՛չ էլ ԱԺ։ Ասել ենք ճանապարհը բացեք, գնում ենք։ Չեն բացել»,– ասաց Սաղաթելյանը։
Նրա խոսքով` այս ամենը վկայում է, որ իշխանությունն այլևս չի դիմանում ու դիմում է նման սադրանքների։
«Նիկոլն այսօր պատերազմ հայտարարեց սեփական ժողովրդին։ Մենք ընդունում ենք քո մարտահրավերը»,– հայտարարեց Սաղաթելյանը։
Ընդդիմադիր գործիչը կոչ արեց այսօր հնարավորինս շատ մնալ Ֆրանսիայի հրապարակում` ցույց տալու համար, թե որքան վճռական են։
Ինչ վերաբերում է վաղվա անելիքներին, Սաղաթելյանը հայտարարեց, որ հունիսի 4-ին, ժամը 19։00–ին դարձյալ հավաքվելու են Ֆրանսիայի հրապարակում։
Մինչ այդ իրենք կճշտեն այսօրվա դեպքերից վիրավորվածների, տուժած քաղաքացների թիվը, տվյալները, իսկ հրապարակում կներկայացնեն դրա քաղաքական և իրավական գնահատականը։
Հայտնել էինք, որ այսօր ընդդիմադիրները բողոքի երթով գնացել էին կառավարական ամառանոցների մոտ, որտեղ ակցիա էին իրականացնում և պահանջում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս գա ու պատասխանի Արցախի կարգավիճակի վերաբերյալ իրենց հարցին։ Այնտեղ ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ եղան։
Մայիսի 25-ին հայտնի դարձավ, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները ՝ «Պատիվ ունեմ»-ը և «Հայաստանը», հանդես են եկել արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ։ Նրանք առաջարկում են, որ ԱԺ-ն հայտարարությամբ հանդես գա, որում ի թիվս այլ դրույթների նշվի, որ Արցախը երբեք չի եղել ու չի լինելու Ադրբեջանի կազմում։
Այսօր արտահերթ նիստը չկայացավ` քվորում չլինելու պատճառով։ Ժամը 20։00-ին լրացավ ԱԺ արտահերթ նիստին գրանցվելու համար սահմանված առավելագույն 4 ժամը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ժամը 20։00-ին դատարկ դահլիճում հայտարարեց, որ ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստը չի կարող կայանալ։
Քիչ առաջ ՀՀ ԱՆ–ն հայտնեց, որ բախումների հետևանքով 42 անձ է հոսպիտալացվել։