Հավաքականը շատ լավ մոտիվացված է. Խոակին Կապառոս

Խոակին Կապառոս. Արխիվային լուսանկար
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հունիսի սկզբին տասը օրվա ընթացքում ընտրական չորս խաղ է անցկացնելու Ազգերի լիգայի մրցաշարի B լիգայի առաջին խմբում։ Առաջին մրցակիցը Իռլանդիայի հավաքականն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը և պաշտպան Վարազդատ Հարոյանը Հայաստան – Իռլանդիա խաղից առաջ կարծում են, որ մեր հավաքականը շատ լավ մոտիվացված է։
Վարազդատ Հարոյանը նախախաղային ասուլիսի ժամանակ նշեց, որ անկախ մրցակցից՝ թիմի ֆուտբոլիստները միշտ էլ մոտիվացված են։ Հիշում են 2011 թվականին կայացած հանդիպումները Իռլանդիայի հավաքականի հետ։ Հարոյանը հավելեց, որ չնայած վնասվածքից հետո դեռևս 100 տոկոսով չի ապաքինվել, բայց պատրաստ է հերթական անգամ խաղալ հավաքականի կազմում անմնացորդ նվիրումով։
Կապառոսը նշեց, որ չի ուզում հիշել Նորվեգիայի հավաքականից կրած 0։9 հաշվով պարտությունը․ «Այդ խաղի արդյունքը շատ ծանր հարված էր հավաքականի համար։ Բայց հիմա մենք հետ չենք նայում, այլ մտածում ենք առաջիկա խաղերի մասին, ու լավ արդյունքներով կփորձենք մոռանալ այդ ծանր պարտությունը» - ասեց Կապառոսը։
Խոսելով Իռլանդիայի հավաքականի մասին, Կապառոսը նշեց, որ թիմում հանդես են գալիս «Լիվերպուլ», «Աստոն Վիլլա», «Անդեռլեխտ» թիմերի ֆուտբոլիստներ, և իհարկե ուժեղ մրցակից է, որին հարգում են․ «Մենք պետք է ուրախանանք, որ խաղում ենք ազգերի լիգայի B լիգայում։ Մենք չենք զիջելու ոչ մի մրցակցի և պայքարելու ենք յուրաքանչյուր խաղում։ Բայց տասը օրվա ընթացքում չորս խաղ անցկացնելը դա խելագար խաղացանկ է» - ընդգծեց Կապառոսը։
Հրավիրված ու չհրավիրված ֆուտբոլիստների հարցի հետ կապված իսպանացի մասնագետը ասաց․ «Բնականաբար կարող էին հրավիրվել նաև այլ ֆուտբոլիստներ։ Բայց առաջիկա խաղերի պահանջներին համապատասխանող ֆուտբոլիստներ ենք ընտրել։ Շատ լավ է, որ կազմի ընտրությունը քննարկման առարկա է։ Մենք, մասնավորապես, չորս հարձակվող ենք հրավիրել, որոնց հետ հույսեր ենք կապում։ Ամեն դեպքում մեծ ակնկալիքներ ունենք վաղվա խաղից»- նշեց Կապառոսը։
Այն հարցին, թե Նորվեգիայի հավաքականից 0։9 հաշվով կրած պարտությունից հետո ինչ պետք է պատահի, որ Կապառոսը հրաժարական տա, մարզիչը պատասխանեց․ «Գոյություն ունի պայմանագիր, որը պետք է հարգել։ Իսպանիայում բոլորը առաջնորդվում են ըստ պայմանագրի, ու ես բացառություն չեմ։ Ես հարգում եմ պայմանագիրը, որը նշանակում է, որ պետք է աշխատեմ հավաքականում» - եզրափակեց Կապառոսը։
Հավելենք, որ հավաքական հրավիրված 29 ֆուտբոլիստներից միայն մեկը՝ Լուկաս Սելարայանը չի ժամանել Երևան վնասվածքի պատճառով։ Մյուսները առաջիկա խաղերին սկսել են նախապատրաստվել մայիսի 29-ից։ Հունիսի 4-ին Իռլանդիայի հետ մրցելուց հետո, մեր ընտրանին արտագնա խաղում՝ հունիսի 8-ին ուժերն է չափելու Շոտլանդիայի հավաքականի հետ։ Հունիսի 11-ին մեր մրցակիցն է լինելու Ուկրաինայի հավաքականը, իսկ հունիսի 14-ին հյուրընկալելու ենք շոտլանդացիներին։