Հայաստանում ժամանակավոր բնակվում է 20 000 արցախցի

Նարեկ Մկրտչյանը նշեց, որ արցախցիներն օր առաջ ուզում են վերադառնալ Արցախ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Վերջին տվյալներով` Հայաստանում 20 000 արցախցի է շարունակում ժամանակավոր բնակվել։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Ավելի քան 20 ծրագիր է իրականացվել Արցախին սոցիալական աջակցություն ցուցաբերելու համար, որոնցում ընդգրկված են եղել։ Այս պահին 3 ծրագիր է գործում նրանց համար` տեղահանվածների համար բնակապահովման ծրագիրը և զբաղվածության 2 ծրագիր։ Արցախցիներն օր առաջ Արցախ են ուզում վերադառնալ, և առաջին իսկ հնարավորության դեպքում, երբ լուծվում է բնակարանային խնդիրը, նրանք վերադառնում են»,- ասաց նախարարը։

Նա նշեց` այս տարի արդեն իսկ Արցախում 300 բնակարան է հանձնվել։ Բացատրեց, թե մեկ օրում հնարավոր չէ այս հարցը լուծել։

Մկրտչյանը հայտնեց նաև, որ պատերազմական գործողությունների հետևանքները մեղմելու նպատակով՝ 2021 թվականի ՀՀ կառավարության որոշումներով արցախցիներին աջակցելու ծրագրերին տրամադրվել է 61,4 միլիարդ դրամ։
Հիշեցնենք, որ 2021-ի դեկտեմբերին Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ Արցախն առաջիկա 3 տարում պլանավորվում է կառուցել 5000 բնակարան` հիմնականում Արցախից 44-օրյա պատերազմից հետո տեղահանվածների և զոհվածների ընտանիքների համար։
Նրա խոսքով` տեղահանվածները շուրջ 40 հազար են, նրանցից 13-14 հազարը Արցախում են ու պետական աջակցությամբ ապրում են վարձով բնակարաններում, իսկ մնացածը Հայաստանում են, շատ չնչին մասն արտագաղթել է։