Հայաստանի և Ադրբեջանի երիտասարդները կհանդիպեն Ստրասբուրգում. դեսպան

Զաքարի Գրոս. Արխիվային լուսանկար
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի խոսքով` հանդիպման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Բրյուսելում`անցած տարվա դեկտեմբերին Փաշինյանի հետ Ալիևի հանդիպման ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Հաջորդ շաբաթ Ստրասբուրգում տեղի կունենա հայ և ադրբեջանցի երիտասարդ սերնդի ներկայացուցիչների հանդիպումը։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով, «այդ նախաձեռնությունը քննարկվել է Բրյուսելում և համաձայնեցվել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նախորդ տարվա դեկտեմբերին կայացած հանդիպմանը»։
Ընդհանուր առմամբ, Ստրասբուրգ կմեկնեն Ադրբեջանի 10 ներկայացուցիչներ։
«Այնտեղ նրանք հանդիպում կանցկացնեն Ֆրանսիայի, Գերմանիայի և Հայաստանի երիտասարդ սերնդի ներկայացուցիչների հետ: Հիմնական նպատակը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին մասնակցելն է»,- ասել է Գրոսը։
Մայիսի 22-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջև տեղի ունեցած հանդիպումից հետո Փաշինյանը և Ալիևը հանձնարարել են իրենց արտաքին գործերի նախարարություններին սկսել խաղաղ բանակցությունների նախապատրաստումը Երևանի և Բաքվի միջև։
Մայիսի 24-ին հայ-ադրբեջանական միջպետական սահմանին կայացել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը՝ սահմանների սահմանազատման և անվտանգության հարցերով համատեղ հանձնաժողովի ձևաչափով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում (հունիսի 3-ին – խմբ.), երրորդը՝ Բրյուսելում։