ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Կառավարության շենքը շրջափակած ընդդիմադիրները երթով գնում են կառավարական առանձնատուն։ Այդ մասին քիչ առաջ Հանրապետության հրապարակում հայտարարեց «Դիմադրություն» շարժման անդամ, ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը` ազդարարելով երթի մեկնարկը։
«Գնում ենք կառավարության առանձնատուն` կրկին մեր հարցի հետևից։ Ասում ենք` մի՛ փախիր, Նիկո՛լ, դուրս արի և ժողովրդի գլխավոր հարցին պատասխանիր։ Հակառակ դեպքում, դավաճա՛ն, հեռացի՛ր»,– ասաց Սաղաթելյանը։
Հիշեցնենք` մայիսի 25-ին հայտնի դարձավ, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները ՝ «Պատիվ ունեմ»-ը և «Հայաստանը», հանդես են եկել արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ։ Նրանք առաջարկում են, որ ԱԺ-ն հայտարարությամբ հանդես գա, որում ի թիվս այլ դրույթների նշվի, որ Արցախը երբեք չի եղել ու չի լինելու Ադրբեջանի կազմում։
Այդ հարցով ԱԺ-ում հրավիրվեց արտահերթ նիստ, բայց իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարեց, որ նիստին չի մասնակցելու։
Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստը, որը նախանշված էր ժամը 16։00-ին, քվորում չլինելու պատճառով հետաձգվեց 4 ժամով։ Նիստին գրանցվել էր 33 պատգամավոր։
ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն` գրանցումը մնում է բաց ու շարունակվում մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցումը, բայց ոչ ավել, քան 4 ժամ։
4 ժամ անց քվորում չապահովելու դեպքում նիստը մեխանիկորեն հայտարարվում է չկայացած։ 4 ժամը լրանում է 20։00-ին։