«Ֆլայ Արնան» ստացել է օդային փոխադրումների իրականացման հավաստագիր

Հավաստագրի ստացումը նշանակում է, որ ավիաընկերությունը համապատասխանում է բոլոր մասնագիտական չափանիշներին, հետևել է օդանավերի շահագործման համար անհրաժեշտ անվտանգության բոլոր կանոններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. «Ֆլայ Արնա հայկական ազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը ստացել է օդանավ շահագործողի վկայական (AOC) և կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիր (AOL)։ Տեղեկությունը հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։
Հավաստագիրը «Ֆլայ Արնա» ավիաընկերությանը թույլ է տալիս սկսել գործունեությունը Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։
Նշվում է, որ վկայականի և հավաստագրի ստացումը նշանակում է, որ ավիաընկերությունը համապատասխանում է բոլոր մասնագիտական չափանիշներին, հետևել է օդանավերի շահագործման համար անհրաժեշտ անվտանգության բոլոր կանոններին և պատրաստ է թռիչքներ իրականացնել՝ անցնելով ՀՀ Քաղաքացիական ավիացիայի ստուգումները:
««Ֆլայ Արնան» աշխատում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ՝ թռիչքների մեկնարկի վերջնական ժամկետի ճշգրտման ուղղությամբ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) կողմից «Ֆլայ Արնային» հատկացվել է G6 երկնիշ կոդը: Թռիչքները կմեկնարկեն երկու Airbus A320 ինքնաթիռներով։
Ընկերությունը գործելու է «Էյր Արաբիա» ընկերության բյուջետային բիզնես մոդելով։
Ալմաթի-Երևան-Ալմաթի չվերթ է գործարկվել․ դեսպանն իրադարձությունը պատմական է անվանել