Երևանում ակցիայի ժամանակ բախումների հետևանքով տուժածների թիվը հասավ 20–ի

Բողոքի ակցիա Երևանում. Արխիվային լուսանկար
Ներկա պահին բոլոր տուժածները գտնվում են հետազոտման փուլում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Երևանում կառավարական ամառանոցի մոտ «Դիմադրություն» շարժման բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած բախումների հետևանքով տուժածների թիվը հասել է 20-ի։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում թարմացրել է թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը։

«Ժամը 22:00 ի դրությամբ 20 քաղաքացի է գտնվում «Հերացի» համալսարանական հիվանդանոցում»,- գրել է նա:

Դանիելյանը տեղեկացրել է, որ ներկա պահին բոլոր տուժածները գտնվում են հետազոտման փուլում:
Ավելի վաղ հայտնել ենք, որ բախման հետևանքով 3 ցուցարար և 7 ոստիկան տեղափոխվել են հիվանդանոց"
Ընդդիմադիրները բողոքի երթով գնացել էին կառավարական ամառանոցների մոտ, որտեղ ակցիա էին իրականացնում և պահանջում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս գա ու պատասխանի Արցախի կարգավիճակի վերաբերյալ իրենց հարցին։ Այնտեղ ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ եղան։
Նշենք, որ ժամը 20։00-ին լրացել է ԱԺ արտահերթ նիստին գրանցվելու համար սահմանված առավելագույն 4 ժամը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ժամը 20։00-ին դատարկ դահլիճում հայտարարեց, որ ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստը չկայացավ։
Հիշեցնենք, որ նիստի օրակարգում ընդգրկված էր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հեղինակած «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագիծը: