Երևանի քաղաքապետարանը դատարանում պարտվել է գործարար Սամվել Ալեքսանյանին

Քաղաքապետը հայտնեց, որ Սամվել Ալեքսանյանին պատկանող շինությունը համայնքային հողի վրա կառուցված տուն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը դատարանում պարտվել է գործարար Սամվել Ալեքսանյանին։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
«Մի դեպք գիտեմ, որտեղ դատարանում պարտվել է քաղաքապետարանը։ Դատարանը պարտադրել է, որպեսզի կառույցն օրինականացվի»,– ասաց Սարգսյանը` պատասխանելով գործարարի տունը որպես ապօրինի կառույց ճանաչելու որոշման մասին հարցին։
Քաղաքապետը նշեց, որ Սամվել Ալեքսանյանին պատկանող շինությունը համայնքային հողի վրա կառուցված տուն է։
«Մենք բոլոր դատական ատյաններով անցել ենք և պարտվել ենք»,– ասաց Սարգսյանը։
Հիշեցնենք` 2020թ–ի սեպտեմբերի 18-ին Սամվել Ալեքսանյանը դիմել էր Վարչական դատարան` պահանջելով անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 2020թ. սեպտեմբերի 16–ի որոշումը, որով Երևանի Շրջանային փողոցի 102/4 հասցեի հետնամասում դեռևս 2005 թվականին ինքնակամ կառուցված շինությունները որակվել էին ապօրինի ու քանդման ենթակա։
Ալեքսանյանն իր դիմումում նաև նշել էր, որ 2020 թվականի մարտին դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետարան, որով խնդրել է օրինականացնել վերը նշված ինքնակամ շինությունները։
Երևանի քաղաքապետարանը, սակայն, դիմումը մերժել էր։
Շուրջ 1 տարի տևած դատավարության ավարտին Ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր բավարարել Ալեքսանյանի հայցն ընդդեմ քաղաքապատերանի այն հիմնավորմամբ, որ քաղաքապետարանի որոշումը հակասում է Մարդու իրավունքների կոնվենցիային, ՀՀ Սահմանադրությանը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքին։
Դատական վերաքննիչ ու վճռաբեկ ատյաններն այս վճիռը թողել են անփոփոխ։
2022-ի մարտ ամսին դատարանի վերջնական որոշումը մտել է ուժի մեջ։