ԵՐԵՎԱն, 3 հունիսի – Sputnik. ԵՄ–ն չպետք է մասնակցի արցախյան հակամարտության կարգավորմանը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Հաշվի առնելով Մինսկի խմբի համանախագահության ձևաչափն ու ՌԴ խաղաղապահ ուժերի արդյունավետ դերը, կարծում ենք, որ արցախյան հակամարտության կարգավորման հարցը չպետք է ԵՄ–ի համար բանակցությունների առարկա դառնա», – ասել է Բեգլարյանը։
Միաժամանակ պետնախարարն ընդգծել է, որ երկխոսությունն անհրաժեշտ է, սակայն այն չպետք է «Արևմուտքի հետ Ռուսաստանի ներկայիս բարդ հարաբերությունների մաս» դառնա։
Խնդիրը լուծելու համար գոյություն ունի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջազգայնորեն ճանաչված ձևաչափ, որոնք էլ հենց պատասխանատու են հակամարտության կարգավորման համար։
Հիշեցնենք` մայիսի 22-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Համատեղ քննարկման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:
Քննարկման առարկա են դարձել նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի նախապատրաստություններին, հումանիտար խնդիրներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել եռակողմ հանդիպումները` նախատեսելով նման հանդիպում անցկացնել հուլիսին կամ օգոստոսին: