ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Մարզական մեկնաբան Սլավա Սարգսյանը Եվրոպայի վերջին առաջնությունում Հայաստանի բռնցքամարտի հավաքականի ելույթները դրական է գնահատում, մանավանդ որ երկու արծաթե մեդալները կարող էին լինել նաև ավելի բարձր կարգի։ Նա իր տեսակետը հայտնեց Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում։
«Մեր բռնցքամարտիկները երիտասարդ են և հետագայում, անկասկած, կգրոհեն նոր բարձունքներ»,- ասաց նա։
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունն անցկացվեց Երևանում, ինչը, ըստ Սարգսյանի, նշանակում է, որ տվյալ մարզաձևը մեզ մոտ զարգանում է, և վերականգնվում են անցյալի լավագույն ավանդույթները։
«Վլադիմիր Ենգիբարյանը 1956 թվականին դարձավ օլիմպիական չեմպիոն, դրանից հետո ունեցանք աշխարհի ու Եվրոպայի բազմաթիվ չեմպիոններ։ Հայաստանի անկախացումից հետո առաջացան որոշակի դժվարություններ, և հիմա դրանք հաղթահարվել են։ Մենք այժմ ոչ միայն բարձրակարգ մրցաշարեր ենք անցկացնում, այլև ունենում ենք չեմպիոններ ու մրցանակակիրներ»,- նշեց Սարգսյանը։
Անդրադառնալով մրցաշարի ընթացքում գրանցված մրցավարական կոպիտ սխալներին, որոնց պատճառով տուժեցին նաև հայ բռնցքամարտիկներ Նարեկ Մանասյանն ու Արթուր Բազեյանը` մարզական մեկնաբանն ընդգծեց, որ ստեղծվում է տպավորություն, թե մրցավարներն այդ սխալները թույլ են տալիս միտումնավոր կերպով։
«Նման սխալներ միշտ եղել են և լինելու են, պարզապես պետք է գտնել այդ սխալները կանխելու լուրջ միջոցներ։ Նման խոշոր մրցաշարերում հավաքվում են բարձրակարգ մրցավարներ։ Նրանք կարծես հաշվարկ են անում, թե որ երկրին քանի մեդալ պետք է տալ։ Հայաստանցի բռնցքամարտիկները հանդես էին գալիս տանը, շատ լավ նախապատրաստվել էին մրցաշարին և միանշանակ կարող էին ավելի շատ ու ավելի բարձր փայլի մեդալներ նվաճել»,- նշեց մարզական մեկնաբանը։
Խոսելով նաև սիրողական բռնցքամարտից պրոֆեսիոնալ ռինգ անցնելու և այդ համատեքստում հայ մարզիկների հնարավորությունների մասին` Սարգսյանն ընդգծեց, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտը սկսվում է սիրողականից, և ովքեր փայլում են սիրողական մակարդակում, հետագա տարիներին փառաբանվում են նաև պրոֆեսիոնալ ռինգում, որն իրենից նաև մեծ շոու է ներկայացնում։ Սարգսյանը վկայակոչեց Վիկ Դարչինյանին և Արթուր Աբրահամին` հավելելով, որ նման ուղի կարող է անցնել նաև Հովհաննես Բաչկովը, առավել ևս, որ նոր չի ապացուցել միջազգային չափանիշներին համապատասխանող իր բարձր կարգը և, ցանկալի է, որ դառնա նաև աշխարհի ու օլիմպիական խաղերի չեմպիոն։
Հիշեցնենք` 2022 թվականի մայիսի 21-31-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվեց Եվրոպայի բռնցքամարտի մեծահասակների առաջնությունը: Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Կարեն Աղամալյանի գլխավորությամբ առաջնությանը ներկայացված էր բոլոր 13 քաշային կարգերում: Հայաստանի պատվիրակները նվաճեցին մեկ ոսկե (63,5 կգ Հովհաննես Բաչկով), երկու արծաթե (57 կգ Արթուր Բազեյան, 81 կգ Ռաֆայել Հովհաննիսյան) և մեկ բրոնզե (92 կգ Նարեկ Մանասյան) մեդալ։
Առաջնությանը մասնակցում էին 39 երկիր ներկայացնող ավելի քան 200 մարզիկներ։ Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը 260 հազար դոլար էր կազմում: