ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Դեբեդ գետն ընկած երեխան այժմ ժամանակավոր կացարանում է։ ԱԺ-ում 2021թ. պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Դեռ ապրիլի 25-ին հայտնի դարձավ, որ մայրն իր երեխային` 2 տարեկան Արևիկին, նետել է Դեբեդ գետը, աղջնակին մի տղամարդ է դուրս բերել գետից և տեղափոխել ԲԿ (ավելի ուշ ԱԻ նախարարը պարգևատրեց նրան)։ Երեխայի մայրը կալանավորվել է։
«Այս դեպքի հետ կապված` միասնական սոցիալական ծառայությունը գործուն մասնակցություն ունի` խորքային գնահատում պետք է իրականացվի, որպեսզի հասկանանք պատճառներն ու շարժառիթները։ Երեխան այժմ ժամանակավոր կացարանում է, մինչև նրա կարգավիճակի հարցը կլուծվի»,–ասաց Մկրտչյանը։
Նրա խոսքով` միասնական սոցիալական ծառայություններում հերթապահության ինստիտուտի ներդրման կարիք կա, սկզբնական շրջանում` գոնե մարզերում։ Մկրտչյանը նշեց` այժմ աշխատանք են տանում այդ ուղղությամբ։
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնում են, որ Արևիկը դուրս է գրվել հիվանդանոցից ու տեղափոխվել ՀՕՖ խնամքի կենտրոն:
Հիշեցնենք, որ Sputnik Արմենիային մի շարք մանրամասներ էին հայտնի դարձել. Արևիկի մայրն ինքնախոստովանական ցուցմունք է տվել և ասել` ուզում էր ազատվել երեխայից, քանի որ փոքրիկն առաջին ամուսնուց է եղել, և նա խանգարում էր իր կյանքին ու գործերին։ Կինն ասել է նաև, որ երկրորդ ամուսինը չի սիրել երեխային։