Բախումներից 38 մարդ է տուժել. ՀՀ առողջապահության նախարարություն

Երևանյան հիվանդանոց. Արխիվային լուսանկար
Միջադեպի պատճառով տուժել են թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Երևանի Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում բողոքի ակցիայի ժամանակ այսօր գրանցված բախումների հետևանքով 38 մարդ է տուժել, հայտնում է առողջապահության նախարարությունը։

«Ժամը 22:20-ի դրությամբ՝ տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխել 38 քաղաքացու»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տեղեկացվում է, որ միջադեպի պատճառով տուժել են թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողներ:
Բոլորը գտնվում են հետազոտման փուլում: Գերատեսչությունից խոստանում են նրանց առողջական վիճակի մասին լրացուցիչ տեղեկացնել։
Ավելի վաղ թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը հայտնել է, որ «Հերացի» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 20 տուժած։
Ընդդիմադիրները բողոքի երթով գնացել էին կառավարական ամառանոցների մոտ, որտեղ ակցիա էին իրականացնում և պահանջում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս գա ու պատասխանի Արցախի կարգավիճակի վերաբերյալ իրենց հարցին։ Այնտեղ ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ եղան։
Նշենք, որ ժամը 20։00-ին լրացել է ԱԺ արտահերթ նիստին գրանցվելու համար սահմանված առավելագույն 4 ժամը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ժամը 20։00-ին դատարկ դահլիճում հայտարարեց, որ ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստը չկայացավ։
Հիշեցնենք, որ նիստի օրակարգում ընդգրկված էր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հեղինակած «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագիծը: