Բախումների հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծանր է, նրան վիրահատում են. ԱՆ

Վիրահատություն. Արխիվային լուսանկար
Ժամը 23:00-ի դրությամբ տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխվել բախումներից տուժած 50 անձինք:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Երևանի Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում բողոքի ակցիայի ժամանակ այսօր գրանցված բախումների հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծանր է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Ժամը 23:00-ի դրությամբ տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխվել 50 անձինք: Նրանցից 34-ը ոստիկանության ծառայողներ են, 16-ը՝ քաղաքացիական անձինք»,–ասված է հաղորդագրության մեջ:
Տեղեկացվում է, որ տուժածներից մեկի վիճակը ծանր է, այս պահին վիրահատվում է:
Մյուս տուժածները վնասվածքների առաջին վիրաբուժական մշակում են ստացել:
Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանն էլ գրել է, որ տուժած ոստիկաններից մեկի ոտքը կոտրվել է:
«Ժամը 23: 00-ի դրությամբ տուժած քաղաքացիների թիվը «Հերացի» համալսարանական հիվանդանոցում 29-ն է, որոնցից 22-ը ոստիկաններ են, 7-ը` քաղաքացիական անձիք»,–գրել է նա։
Հայտնել ենք, որ ընդդիմադիրները բողոքի երթով գնացել էին կառավարական ամառանոցների մոտ, որտեղ ակցիա էին իրականացնում և պահանջում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս գա ու պատասխանի Արցախի կարգավիճակի վերաբերյալ իրենց հարցին։ Այնտեղ ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ եղան։
Մայիսի 25-ին հայտնի դարձավ, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները ՝ «Պատիվ ունեմ»-ը և «Հայաստանը», հանդես են եկել արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ։ Նրանք առաջարկում են, որ ԱԺ-ն հայտարարությամբ հանդես գա, որում ի թիվս այլ դրույթների նշվի, որ Արցախը երբեք չի եղել ու չի լինելու Ադրբեջանի կազմում։
Այսօր արտահերթ նիստը չկայացավ` քվորում չլինելու պատճառով։ Ժամը 20։00-ին լրացավ ԱԺ արտահերթ նիստին գրանցվելու համար սահմանված առավելագույն 4 ժամը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ժամը 20։00-ին դատարկ դահլիճում հայտարարեց, որ ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստը չի կարող կայանալ։