ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. Այսօր «Դիմադրություն» շարժման և նրա կողմնակիցների` կառավարական ամառանոցների մոտ տեղի ունեցած ակցիայի հետևանքով 3 ցուցարար և 7 ոստիկան տեղափոխվել են հիվանդանոց։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը։
«21:20-ի դրությամբ «Հերացի» համալսարանական հիվանդանոց է շտապօգնության մեքենայով տեղափոխվել 10 տուժած՝ յոթը ոստիկանության ծառայողներ են, երեքը քաղաքացիական անձիք են»,-գրել է նա:
Դանիելյանը տեղեկացրել է, որ ներկա պահին բոլորը գտնվում են հետազոտման փուլում:
Հայտնել ենք, որ ընդդիմադիրները բողոքի երթով գնացել էին կառավարական ամառանոցների մոտ, որտեղ ակցիա էին իրականացնում և պահանջում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս գա ու պատասխանի Արցախի կարգավիճակի վերաբերյալ իրենց հարցին։ Այնտեղ ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ եղան։
Մայիսի 25-ին հայտնի դարձավ, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները ՝ «Պատիվ ունեմ»-ը և «Հայաստանը», հանդես են եկել արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ։ Նրանք առաջարկում են, որ ԱԺ-ն հայտարարությամբ հանդես գա, որում ի թիվս այլ դրույթների նշվի, որ Արցախը երբեք չի եղել ու չի լինելու Ադրբեջանի կազմում։
Այսօր արտահերթ նիստը չկայացավ` քվորում չլինելու պատճառով։ Ժամը 20։00-ին լրացավ ԱԺ արտահերթ նիստին գրանցվելու համար սահմանված առավելագույն 4 ժամը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ժամը 20։00-ին դատարկ դահլիճում հայտարարեց, որ ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստը չի կարող կայանալ։